2016 թվականի Շախմատի համաշխարհային օլիմպիադան կանցկացվի Բաքվում

ՖԻԴԵ-ի կոնգրեսը, որ այսօր տեղի է ունենում Ստամբուլում, որոշում է կայացրել Շախմատի համաշխարհային օլիմպիադայի անցկացումը վստահել Բաքվին։ Բուլղարական Ալբենայի և էստոնական Տալինի հայտերը մերժվել են։ ՖԻԴԵ-ի 2015-ի աշխարհի գավաթի խաղարկությունը նույնպես կանցնի Բաքվում։ Այս մասին հաղորդում է միջազգային այդ կազմակերպության պաշտոնական կայքը։

Հայաստանի շախմատի ակադեմիայի ղեկավար Սմբատ Լպուտյանն ասել է, որ հայերը չեն մեկնի Բաքու, եթե Օլիմպիադան անցկացվի այդ քաղաքում։ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովն այսօր հայտարարել է, որ Բաքուն ներկայացրել է ամենալավ հայտը, այդ պատճառով ընտրությունն արվել է հենց այդ քաղաքի օգտին։ Նա ցանկություն է հայտնել Բաքու 2016-ի կազմկոմիտեի փոխնախագահի պաշտոնում տեսնել Հայաստանի ներկայացուցչի։

Մենք այս պահին փորձում ենք համապաստախան մարմիններից այս հարցով պարզաբանում ստանալ։ Մնում է միայն զարմանալ, թե ինչպես են միջազգային կազմակերպությունները հատկապես վերջին օրերի զարգացումներից հետո վստահում Ադրբեջանին կազմակերպել միջազգային մրցումներ, որի դեպքում աշխարհի ուժեղագույն թիմերից մեկը չի մասնակցի դրան, և ինչու հայկական կողմն ամեն ինչ չարեց այս տարբերակը տապալելու համար։ Նշենք միայն, որ օգոստոսին Բաքվում գտնվող ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովն ասել էր, որ Բաքվի թեկնածության առաջադրման դեպքում հայերը չեն առարկի. «Չեմ կարծում, թե խնդիրներ լինեն։ Երկու շաբաթ առաջ էի Երևանում, հանդիպել եմ Սերժ Սարգսյանի հետ, ով նաև Շախմատի ֆեդերացիայի նախագահն է։ Երբ քննարկում էինք Օլիմպիադա 2016-ի անցկացման հնարավոր թեկնածուների հարցը, դա ոչ մի հակասություններ չառաջացրեց։ Այլ կերպ ասած՝ Հայաստանը մասնակցելու է Օլիմպիադային, եթե այն ընդունի Ադրբեջանը։ Սակայն այդ իրավունքը դեռ պետք է վաստակել», – ասել է Իլյումժինովը։

Մարզական գործընկեր` SportArmenia.com