Կիրակի ՀՀ 482 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Ավարտին է մոտենում նախընտրական վերջին` լռության օրը: Վաղն Արարատի, Արմավիրի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերի 482 համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքի` համայնքի ղեկավարի ընտրություններ կանցկացվեն Արարատի և Արմավիրի 97-ական, Լոռու մարզի` 113, Շիրակի` 119, Սյունիքի` 109 համայնքում:

Համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարի մեջ է 716 թեկնածու. Արարատի մարզում`129 թեկնածու, Արմավիրում` 103, Լոռիում` 166, Շիրակում` 174, Սյունիքում` 144: Թեկնածուների մեջ անհամեմատ շատ են տղամարդիկ. նրանք 683-ն են, կանայք`33-ը:

Ավագանու անդամ դառնալու համար իր թեկնածությունն է առաջադրել 4073 ՀՀ քաղաքացի։

Քաղաքապետի ընտրություններ են անցկացվելու Կապան, Սիսիան, Մեղրի, Քաջարան, Ագարակ, Դաստակերտ, Վեդի, Մասիս, Մեծամոր, Էջմիածին, Գյումրի, Արթիկ, Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր, Ախթալա, Թումանյան և Շամլուղ համայնքներում։

Ընտրություններին հետևելու համար գրացվել է 19 հայաստանյան հասարակական կազմակերպություն, որ նախատեսում է դիտել ընտրությունները 1150 ներկայացուցիչների միջոցով: Կարճաժամկետ դիտորդական առաքելություն կիրականացնեն նաև միջազգային դիտորդները:

Նշված հինգ մարզերում համայնքների ղեկավարի պաշտոններում նախապես առաջադրված 950 թեկնածուներից ինքնաբացարկ է հայտնել 218-ը, ավագանու անդամների 4251 թեկնածուներից` 166-ը:

ՏԻՄ ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը ԿԸՀ-ն կատարել է էլեկտրոնային վիճակահանությամբ, ըստ որի` ՀՀԿ-ն կունենա 376-ական, ԲՀԿ-ն` 264-ական, ՀԱԿ-ը` 66-ական, ՀՅԴ-ն` 47-ական, ՕԵԿ-ը` 47-ական, «Ժառանգություն»-ը` 47-ական նախագահ և քարտուղար:

Քվեարկությունը կսկսվի  առավոտյան ժամը 08:00-ին, կավարտվի 20:00-ին: