Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Հայկական ժամանակ» թերթի նախկին գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն իր անձնական՝ nikolpashinyan.com կայքում արձագանքել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ իր մասին արած հայտարարությանը: Հայրապետյանը Les Nouvelles d’Armenie հանդեսին տված հարցազրույցում Փաշինյանի հասցեին բազմաթիվ քննադատություններ էր հնչեցրել: Նա ասել էր, թե Փաշինյանը իր վրա «հնարավոր ու անհնարին ինչ կեղտ ասես, լցնում է առավոտից մինչև երեկո»: Փաշինյանի արձագանքը Հայրապետյանին ներկայացված է ստորև:
«Նեմեց Ռուբո անունով հայտնի մարդը բարբաջանքների հերթական չափաբաժինն է շաղ տվել: Les Nouvelles d’Armenie հանդեսին տված հարցազրույցում կրկին անդրադարձել է իմ անձին, պնդելով, թե ինչ-որ ժամանակ ինձ փող է տվել:
Տվյալ անձնավորությունը ակնհայտորեն մազոխիստ է՝ աննամուսության աղաղակող դրսևորումներով: Ամեն անգամ մի հիմարություն դուրս է տալիս, հետո թե՛ տղայական, թե՛ քաղաքական, թե՛ մարդկային, թե՛ բարոյական իմաստով խայտառակվում Հայաստանով մեկ, հետո նորից կրկնում նույնը:
Լրագրողների ներկայությամբ տուտուցլամիշ էր եղել, թե ինքը ծեծող տղա է, բայց իրավապաշտպան Արման Վեզիրյանի վրա հարձակվելուց հետո հաջորդ օրն իսկ զանգահարել, աղիողորմ ներողություն էր խնդրել, որ գործուն զղջման տակ ընկնի, ինչ է, թե դատարանը 200 հազար դրամ չտուգանի իրեն, կամ եռամսյա կալանք չտա: Երևի վախենում էր քրեակատարողական հիմնարկներում այդ երեք ամսվա ընթացքում իր հետ վատ արարքներ անեն:
Հայտարարեց, թե պատգամավորի թեկնածու չի առաջադրվելու, հետո վազեց առաջադրվեց: Հետո ասաց, թե ցանկացած ֆորմատով պատրաստ է բանավիճել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչի հետ, հետո ուղիղ եթերում ճողոպրեց բանավեճից:
Հետո ԱԺ պատգամավորի մանդատը վայր դնելու մասին հայտարարություն արեց, հիմա էլ հայտարարում է, թե ետ է վերցնելու մանդատը վայր դնելու մասին դիմումը, որ հետո նորից մանդատը վայր դնելու մասին դիմում գրի:
Les Nouvelles d’Armenie-ի թղթակցի հետ հարցազրույցում ասել է (ի դեպ չեմ կասկածում հանդեսի հայաստանյան թղթակից Սեդա Մավյանի պրոֆեսիոնալիզմին) Դոդի Գագո, հիմա ասում է, թե չի ասել Դոդի Գագո:
Ինչ վերաբերում է իմ մասին արած պնդումներին. հանրությանը ուզում եմ հիշեցնել, որ դեռևս 2009 թվականին փետրվարին հրավիրած ասուլիսում հայտարարել էր, թե ես՝ Նիկոլ Փաշինյանս, 2 միլիոն դոլարանոց տուն ունեմ: Հրապարակային պնդեցի, որ եթե նա ցույց չտա այդ տունը, կամ գոնե ասածին մոտիկ ինչ-որ բան, այդպիսով ցանկացածին իրավունք է վերապահում իր մասին մտածել և ասել ամենածայրահեղ բաները: Ու նախորդ անուղեղ հայտարարությունը որևէ կերպ չհիմնավորած, ահա այսպիսի նոր կլյաուզայով է հանդես գալիս: Նեմեցը այսպիսով հաստատում է նախկինում իր հասցեին իմ արած բոլոր հայտարարությունները:
Իրականության հետ նույնիսկ հեռավոր աղերս չունեցող բարբաջանքը որպես իրականություն կարող է ներկայացնել միայն գյադան: Գյադա իշխանության գյադա ներկայացուցչից որևէ այլ բան սպասել չէր էլ կարելի:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ, Կրակով, Լեհաստան»: