Հոնգ Կոնգում բողոքում են Չինաստանի կառավարության դեմ

Հոնգ Կոնգում տեղի են ունենում օրենսդիր խորհրդի ընտրությունները, որտեղ մի քանի շաբաթ առաջ շարունակվում էին ընդդիմության բազմաթիվ ցույցերը՝ ուղղված չինական իշխանությունների դեմ, հաղորդում է BBC-ն:

Շաբաթ օրը Չինաստանի կառավարությունը, հասարակության ճնշման ազդեցության տակ, հրաժարվեց Հոնգ Կոնգի դպրոցներում հայրենասիրության դասաժամեր մտցնելու ծրագրից, քանի որ այդ նախագծի դեմ էին հանդես գալիս հոնկոնգցի ցուցարարները: Նրանց խոսքով՝ Չինաստանի կառավարությունը ցանկանում է հայրենասիրության դասերի միջոցով պրոպագանդել Չինաստանի կոմունիստական կուսակցությունը: Սակայն կառավարությունը վստահեցնում է, որ այս դասաժամերի նպատակը դպրոցականների մեջ Չինաստանի միասնականության և ամբողջականության զգացմունքներ դաստիարակելն է:

Հոնգ Կոնգի ղեկավար Լյան Չժենինը հայտարարել է, որ դպրոցները հնարավորություն ունեն ինքնուրույն որոշել՝ ունենալ հայրենասիրության դասաժամեր, թե ոչ:

Հոնգ Կոնգում 70 պատգամավորներից 40-ը առաջին անգամ կընտրվեն ուղիղ ընտրությունների ճանապարհով: Քվեարկության արդյունքներից է կախված, թե արդյոք Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հատուկ վարչական տարածքներում կներմուծվի համընդհանուր ընտրական իրավունք, ինչը պետք է հաստատի օրենսդիր խորհուրդը: Եթե դա իրականացվի, ապա համընդհանուր ուղղակի ընտրություններ կարող են անցկացվել 2017թ.:

Քվեարկելու իրավունք ունի Հոնգ Կոնգի 3,5 մլն բնակիչ: Ընտրությունների արդյունքները երկուշաբթիից շուտ չեն հրապարակվի:

Համաձայն գործող օրենքի՝ օրենսդիր մարմնի 70 անդամից 30-ին ընտրում է ընտրողների փոքր խումբ: