ՏԻՄ ընտրությունները Սյունիքում

Սյունիքի մարզկենտրոն Կապանում քաղաքապետի ընտրություններում ժամը 11-ի դրությամբ միջադեպեր չեն գրանցվել, թեև ընտրատեղամասերից մի քանիսում կան կուտակումներ: Սիվիլնեթի հետ զրույցում կապանցիների մի մասը նշում է, որ քվեարկությանը չի մասնակցելու, քանի որ դեմ են միակ թեկնածու Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Հայրապետյանին, բացի այդ՝ «մեկ թեկնածուով ընտրություն չի լինում»:

Կապանում քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել էր 4 թեկնածու, սակայն նրանցից 3-ը ինքնաբացարկի դիմում գրեցին, այդ թվում ՝գործող քաղաքապետ, դաշնակցական Արտուր Աթայանը: Իր հայտարարության մեջ Աթայանը նշել էր, որ չի ուզում՝ իր պատճառով տուժեն իր ընկերներն ու համախոհները: Նրա խոսքով՝ կապանցու քվեին արժանանալու համար իր մրցակցի կողմից կիրառվում են անընդունելի մեթոդներ` մարդիկ ենթարկվում են հոգեբանական և ֆինանսական ճնշումների: Կապանի բնակիչներից մեկը Սիվիլնեթին հաստատեց այդ լուրը՝ ասելով, որ ընտանիքի հետ քվեարկելու է Հայրապետյանի օգտին, քանի որ վախենում է կորցնել աշխատանքը: ժամը 11-ի դրությամբ Կապանում ընտրություններին մասնակցել է 13.7%-ը:

Մեկնաբանել