ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև Սիրիայի հարցով տարաձայնությունները շարունակվում են. Հիլարի Քլինթոն

ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև Սիրիայի հարցով տարաձայնությունները չեն լուծվել, հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ԱԽՏՀ գագաթաժողովի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո, հաղորդում է Вести.ru-ն:

«Անհրաժեշտ է ռեալիստ մնալ: Մենք չպայմանավորվեցինք Սիրիայի հարցով: Տարաձայնությունները շարունակվում են, և հնարավոր է՝ մնան նաև ապագայում,- լրագրողներին ասել է Քլինթոնը:- Լավրովի հետ զրույցում ես նշել եմ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում «անատամ» բանաձևեր ընդունելու իմաստ չկա, ինչը Ասադը կարհամարհի և կշարունակի հարձակումները խաղաղ բնակիչների վրա»:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ԱՄՆ-ի պետքարտուղարը ևս մեկ անգամ նշել է, որ ԱՄՆ-ը շարունակում է պաշտպանել սիրիական ընդդիմությանը: «Մենք կօգնենք նրանց Սիրիայի ժողովրդական ապագան կերտելու հարցում»:

Միաժամանակ նա նշել է, որ ԱՄՆ-ը ողջունում է Ռուսաստանի՝ Ասիայում ունեցած կարևոր և պատասխանատու դերը և պատրաստ է շարունակել Ռուսաստանի հետ համագործակցությունը:

Մեկնաբանել