Կիմ Կի Դուկի «Պիետա» ֆիլմը հաղթող է ճանաչվել Վենետիկի կինոփառատոնում

Օգոստոսի 8-ին ավարտվել է Վենետիկի 69-րդ միջազգային կինոփառատոնը. հայտնի են մրցանակակիրների անունները: Գլխավոր՝ «Ոսկե առյուծ» մրցանակին արժանացել է կորեացի ռեժիսոր Կիմ Կի Դուկի «Պիետա» ֆիլմը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Կիմ Կի Դուկի ֆիլմը փառատոնի ֆավորիտներից չէր. գլխավոր մրցանակին հավակնող ֆիլմերի ցանկում էին Օլիվեր Ասայասի ինքնակենսագրական «Մայիսից հետո», Մարկո Բելոկոյի «Քնած գեղեցկուհի» և Պոլ Թոմաս Անդերսենի «Վարպետը» ֆիլմերը:

Օլիվեր Ասայասի «Մայիսից հետո» ֆիլմն արժանացել է միայն «Լավագույն սցենար» մրցանակին:

Ժյուրիի հատուկ մրցանակը հանձնվել է ավստրիացի ռեժիսոր Ուլրիխ Զայդլին «Դրախտ. հավատ» ֆիլմի համար: «Դրախտ. հավատը» Զայդլի եռագրության երկրորդ ֆիլմն է սիրո և կանացի մարմնի մասին: Գլխավոր հերոսուհին ապրում է տաղտկալի, միօրինակ կյանքով, անընդհատ աղոթում, խոստովանում։ Ինչպես ռեժիսորն է բացատրում, Աննա-Մարիայի սերը Հիսուսի նկատմամբ անընդհատ աճում է՝ «վերջիվերջո բնական կերպով վերածվելով ֆիզիկական ցանկության»:

Հավատացյալների զգացմունքները վիրավորելու համար դատական հայց էր ներկայացվել Վենետիկի դատարան ֆիլմի ռեժիսորի, պրոդյուսերների, գլխավոր դերակատարուհի Մարի Հոֆշտետերի և կինոփառատոնի կազմակերպիչների դեմ։

«Լավագույն դերասան» անվանակարգում հաղթող են ճանաչվել միանգամից երկու դերասան՝ Հոակին Ֆենիքսը և Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանը («Վարպետը»), իսկ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ Հադաս Յարոնը («Լցնել դատարկությունը»):

Մարկո Բելոկոն, որի «Քնած գեղեցկուհին» ֆիլմը նվիրված էր էֆտանազիային և ազատ կամքին, հաղթող է ճանաչվել «Լավագույն դերասանական դեբյուտ» անվանակարգում: Ֆիլմի դերակատար Ֆաբրիցիո Ֆալկոն արժանացել է Մարչելո Մաստրոյանիի անվան մրցանակին:

Ռեժիսոր Դանիել Չիպրիի «Որդին է դա արել» ֆիլմը արժանացել է «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում:

Մեկնաբանել