Անմիջական թրթիռ` ավարտուն աշխատանքներում

Շմավոն Շմավոնյանը հայտնի անուն է արդի հայ կերպարվեստում: Նրա շռայլ նկարչության հետքերին հանդիպել եմ թե՛ Հայաստանում, թե՛ ԱՄՆ-ում: Ընդ որում՝ թե՛ անհատական հավաքածուներում, թե՛ պետական-հասարակական հաստատություններում:

Փոքրուց է վառ երևակայություն ունեցել: Ծնվել է Արարատի շրջանի Վերին Արտաշատ գյուղում: «Ապրում էինք Դվին հնավայրի կողքին, այդ խորհրդավորությունը մինչ հիմա պահպանվել է»,– պատմում է նկարիչը: Հիշում է, որ չնայած շատ փոքր հասակից է էտյուդների գնացել, բնությունն իր համար տակավին շատ գաղտնիքներ ունի թաքցրած: Մեկ առ մեկ մտաբերում է պատկերազարդ այն գրքերը, որոնց նկարները փորձել է ժամանակին արտանկարել:

Ընդհանրապես Շմավոնն այն արվեստագետների թվին է պատկանում, որի մանկությունն ուղեկցում է նրանց ստեղծագործական ողջ կյանքում: Ավելին՝ հենց դրա, նաև շրջապատող բնության մեջ պետք է որոնել ներշնչման ակունքները: Չէ՞ որ գորշ ասֆալտի վրա իսկական պոեզիա չի կարող ծնվել: Պոեզիան միայն բանաստեղծություն կամ չափածո խոսք չէ. այն հոգու վիճակ է, որ կարող է արտահայտվել գործունեության ցանկացած ոլորտում:

Առանց չափազանցության կարելի է ասել, որ մանկության հուշերով է ողողված Շմավոն Շմավոնյանի ողջ ստեղծագործությունը։ Հայրական տունը, մանկության բակը, հարազատ ծառերը պատկերող բազմաթիվ գործեր ունի նա։ Ճիշտ է, նկարչի արվեստանոցը գտնվում է Երևանի կենտրոնում, սակայն նա շարունակում է ապրել գյուղում, իր հոգեմոտ միջավայրում: Միգուցե դրանում է պետք տեսնել հայրենի բնությունն իր տարերքի մեջ ու նախաստեղծ գեղեցկությամբ ներկայացնող արվեստագետի հաջողության գաղտնիքը: Բնությունը նկարչի համար սոսկ բնորդ չէ: Նա հոգու աչքերով և ամեն մի նյարդով է տեսնում ու զգում բնության յուրաքանչյուր թրթիռն ու նրբերանգը:

Շմավոնին այդպես էլ չլքեց մանկության տարիներին ձևավորված վառ երևակայական աշխարհը: Ավելին՝ այսօր նա այդ աշխարհի լիիրավ բնակիչն է, ով իր զգացողությունը փոխանցում է դիտողին, արվեստասերին, իր արվեստի անթիվ երկրպագուներին:
Ո՞րն է առավել կարևորը: Սովորաբար առաջին զգացողությունը, անմիջական թրթիռն առկա է էտյուդային աշխատանքներում: Դրանք, որպես կանոն, հաճախ հօդս են ցնդում, երբ նկարիչը շարունակում, մշակում և ավարտին է հասցնում ստեղծագործությունը: Ուշագրավն այն է, որ Շմավոնյանի ավարտուն գործերում ևս պահպանված է այդ կենդանի թրթիռը: Դա՛ է նախ և առաջ գրավում ու երկար իր առջև գամում արվեստասերին:

Բնական է, ուրեմն, որ Շմավոնյանի ստեղծագործության մեջ գերակշռեին բնանկարները: Նատյուրմորտները ևս նրա բնանկարչության շարունակությունն ու անբաժանելի մասն են կազմում, քանզի դրանցում դարձյալ դաշտային ծաղիկներ են պատկերված («Դաշտային ծաղիկ», «Գարնան ավետաբերը» և այլն): Վրձնի և մաստեխինի միաժամանակյա վարպետ գործադրման արդյունք են նկարչի անխտիր բոլոր աշխատանքները:

Այսպես՝ «Երազ» ստեղծագործության կոմպոզիցիան, որ նկարից նկար հաճախ է կրկնվում, զառվառ ծաղիկներով չորս աղջիկ է պատկերում՝ լի դինամիզմով ու պարային հեզաճկունությամբ: Իսկ «Ձմեռ. իմ տունը» կտավը, հակառակ տարվա այդ եղանակով պայմանավորված սառը գունայնության, դարձյալ տաք ու կարմիր երանգավորում ունի:

Շմավոնյանի պայծառ գունանկարչությունը բարձր է գնահատվում և մեծ պահանջարկ ունի նաև օտարազգի արվեստասերների մոտ: Չէ՞ որ բնությունը սահմաններ չի ճանաչում, իսկ վառ գույները թարգմանության կարիք չունեն:

Որքան էլ զարմանալի է, դեռևս հայրենիքում անհատական ցուցահանդես չբացած Շմավոնյանը նմանօրինակ բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել արտերկրում՝ Լիբանանում, Քուվեյթում, Արաբական Էմիրություններում, Գերմանիայում։ Վերջին տարիների նրա այցելությունների հիմնական հասցեն, սակայն, Միացյալ Նահանգներն է:

Ամեն ինչ սկսվեց 1990թ. Գլենդելի Memorial հիվանդանոցի հետ կնքված պայմանագրից: Ամերիկացի բժիշկներն արվեստի միջոցով բուժական մի ծրագիր էին իրականացնում, որը կոչվում էր «Միտք, մարմին և հոգի»: Նրանք մեր հայրենակցի աշխատանքներում տեսան իրենց ծրագրի կարևոր բաղադրիչներից, չասելու համար՝ բաղադրատոմսերից մեկը, և պատվիրեցին «Հույս» մեծաչափ կտավը հիվանդանոցի համար։

Օրինակը վարակիչ ստացվեց։ Շմավոնյանին այնուհետև նկատեցին Լոս Անջելեսի Բրբանկ արվարձանի Սան Ժոզեֆ հիվանդանոցում։ Ու հայ նկարիչն իր վառ գուներանգներով հատկորոշվող ստեղծագործություններով յուրատեսակ «բժիշկ» դարձավ հոգու ու մարմնի հավասարակշռությունը կորցրած ամերիկացիներից շատերի համար:

2010թ. Կալիֆոռնիա նահանգի մայրաքաղաք Սակրամենտոյի օրենսդիր մարմնին Շմավոնյանը նվիրեց մի մեծադիր կտավ՝ «Ծաղիկներ» անունով: Այն ասես Հայաստան աշխարհի ծաղկանկարը լինի, որի բույրն այդուհետ մշտապես տարածվելու է Սակրամենտոյից՝ հպարտությամբ լցնելով ամերիկահայերի սրտերը:

Հաճելի է, իհարկե, երբ գնահատվում է արվեստագետի ստեղծագործական վաստակը: Անցյալ տարվա վերջին Շմավոն Շմավոնյանն արժանացավ ՀՀ վաստակավոր նկարչի կոչման: Վերջերս էլ «Փյունիկ» հիմնադրամը նրա «Երգ երգոց» կտավը նվիրեց Մատենադարանի նորակառույց շենքին։

Լեւոն Լաճիկյան, արվեստաբան

Մեկնաբանել