Արցախում՝ քաղաքացիական նոր շարժում

2012թ. սեպտեմբերի 9-ին, Արցախի Շուշի քաղաքում տեղի է ունեցել «Սահմանադրական Արցախ» քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի ժողովը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրում է Վիտալի Բալասանյանը, որը Արցախի նախագահական վերջին ընտրություններին գործող նախագահ Բակո Սահակյանի հիմնական ախոյանն էր:

Ժողովում քննարկվել են մի շարք կազմակերպչական հարցեր, մասնավորապես տարածքային կառույցների ստեղծման վերաբերյալ: Նոր քաղաքացիական շարժման նախաձեռնողների թվում են ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը, ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը, Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը, ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Գրիգորի Հայրապետյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանը:

Նախաձեռնող խումբն ընդունել է «Սահմանադրական Արցախ» քաղաքացիական շարժման ստեղծման մասին հայտարարություն, որը ներկայացված է ստորև:

«Արցախյան շարժումը ոչ միայն Հայաստանի հետ վերամիավորվելու շարժում էր, այլև արժանապատիվ կյանք ունենալու և հայրենի հողում սեփական իրավունքների իրացման գործընթաց:

1988-ից առայսօր կան խնդիրներ, հատկապես արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ, որոնց լուծման համար հարկավոր է նոր համախմբում և քաղաքացիական մեծ պատասխանատվություն:

Այսօր մեր հասարակությունը բախվել է լրջագույն ներքին մարտահրավերի՝ պետական կյանքից քաղաքացիների համընդհանուր օտարվածությանը և սահմանադրական օրինականության ոտնահարմանը:

Թեև Սահմանադրության համաձայն՝ Արցախի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ներկայիս իշխանական շրջանակներն ամեն գնով ձգտում են հաստատել և կատարելագործել հակասահմանադրական մի համակարգ, որն ապօրինաբար զրկում է հասարակությանը սեփական ընտրությամբ իշխանություն ձևավորելու որևէ հնարավորությունից և ապահովում է մի խումբ մարդկանց իշխանության շարունակական վերարտադրությունը:

Հանրության կողմից իշխանության անվերահսկելիությունը հանգեցրել է պետական միջոցների յուրացմանն ու փոշիացմանը, մեծ չափերի հասնող կոռուպցիային, կամայականություններին և ազգային հարստության անարդար տնօրինմանը:

Ազգային տնտեսությունը ծանր վիճակում է երկրում տիրող անարդարության, հովանավորչության, ապօրինի մենաշնորհների և անհեռատես հարկային քաղաքականության պատճառով:

Գործարար ակտիվության փաստացի արգելակումը և իրավական պաշտպանվածության բացակայությունը հանգեցնում են Արցախից բնակչության և կապիտալի արտահոսքին: Իշխանությունների վարքագիծը՝ հասարակականի հանդեպ անձնականի գերակայությունն ու նյութապաշտությունը մեր հանրության մեջ սերմանում են խորթ արժեքներ և հանգեցնում հասարակության բարոյալքմանը:

Արատավոր բոլոր երևույթների նկատմամբ հասարակական կարծիքն ու ընդվզումն էլ չեն արտահայտվում այն պարզ պատճառով, որ ապահովված չէ խոսքի ազատությունը և չի կայացել անկախ մամուլի ինստիտուտը։

Այս ամենը մեծապես բերում է ազգային պետության հանդեպ քաղաքացիների անվստահությանը, վնասում Արցախի միջազգային վարկանիշին և լրջագույն սպառնալիք է երկրի ազգային անվտանգության ու պաշտպանունակության համար:

Ելնելով իրավիճակի արմատական բարեփոխման, հասարակությունում առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի ստեղծման և սահմանադրական կարգի հաստատման գերակա հրամայականից` Արցախի քաղաքացիներից կազմված նախաձեռնող խումբը հայտարարում է «Սահմանադրական Արցախ» քաղաքացիական շարժում ստեղծելու մասին: Քաղաքացիական այս շարժումը նպատակադրված է ամենայն վճռականությամբ ձեռնամուխ լինել արցախյան հանրության հոգևոր և քաղաքական կյանքի առողջացմանը և ժողովրդի գլխավոր քաղաքական գործառույթի՝ օրինական ընտրությունների միջոցով պետական իշխանությունը ձևավորելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը:

Հռչակված նպատակներին հասնելու համար «Սահմանադրական Արցախ» քաղաքացիական շարժումն Արցախի հանրության գիտակից մասնակցությամբ իրականացնելու է.

Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման աջակցություն,
ազգային և հոգևոր արժեքների վրա հիմնված և երկրում բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանը միտված նպատակասլաց գործունեություն,
ազատ կամքի արտահայտման արգելակման և իր օրինական գործառույթների կատարումից հասարակությանը հեռացնելու ապօրինի մեխանիզմների վերացում,
պետական իշխանության ձևավորման և վերջինիս վերահսկման գործընթացում հասարակության ակտիվ ներգրավման համար պայմանների ստեղծում,
օրինական ընտրությունների անցկացման կայուն երաշխիքների ապահովում,
սոցիալական արդարության հաստատման և մարդու իրավունքների պաշտպանության աջակցություն,
քաղաքացիական շարժման կողմից իրականացվող գործունեության և քայլերի վերաբերյալ բնակչության իրազեկում:

Սույն խնդիրների լուծումն ապահովելու է քաղաքական պայքարում բոլոր գործող և ստեղծվելիք քաղաքական կուսակցությունների ազատ և իրավահավասար մասնակցությունը և խթանելու է երկրի քաղաքական կյանքում պետական իշխանության օրինական ձևավորման սահմանադրական երաշխիքների արմատավորումը: Իշխանության համար պայքարը «Սահմանադրական Արցախ» քաղաքացիական շարժման նպատակների մեջ չի մտնում:

«Սահմանադրական Արցախ» քաղաքացիական շարժումը համերաշխության, միասնության և համագործակցության կոչ է հղում Արցախի բոլոր գիտակից ու պատրաստակամ քաղաքացիներին՝ միասնաբար և վճռականորեն գործելու հանուն ժողովրդի սահմանադրական իրավունքի հաստատման և ի նպաստ հիմնարար ազգային խնդրի՝ ազատ, իրավական և պաշտպանունակ պետության զարգացման:

«Սահմանադրական Արցախ» քաղաքացիական շարժումը համագործակցելու պատրաստակամություն է հայտնում Արցախում, ՀՀ-ում և Սփյուռքում մեր մոտեցումներին և սկզբունքներին համախոհ բոլոր հայրենակիցների հետ, որոնց կոչ է անում առավել լայն և նախանձախնդիր կերպով մասնակցել արցախյան պետականաշինությանը և Մայր Հայրենիքում Հայոց պետականության պաշտպանության և հզորացման համազգային առաքելությանը»: