Մոսկվայում մեկնարկել է Ռուսական ազգային նվագախմբի «Մեծ փառատոնը»

Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում կայացավ Ռուսական ազգային նվագախմբի չորրորդ «Մեծ փառատոնի» բացումը: Առաջին համերգին հնչեցին Շոստակովիչի յոթերորդ` «Լենինգրադյան» և Վոան-Ուիլյամսի վեցերորդ ռազմական սիմֆոնիաները: Առաջին անգամ բացման համերգը ղեկավարեց ոչ թե նվագախմբի հիմնադիր և գեղարվեստկան ղեկավար Միխայիլ Պլետնյովը, այլ Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Վլադիմիր Յուրովսկին, որը հաճախ է համագործակցում փառատոնի հետ:

Մինչև սեպտեմբերի 23-ը տևող փառատոնի յուրաքանչյուր օրն առանձնահատուկ ուշադրության է արժանի, քանի որ այս ընթացքում Ռուսաստանի մայրաքաղաքում կհնչեն սիմֆոնիկ և օպերային երաժշտարվեստի լավագույն նմուշները: «Ռիա-Նովոստի» կայքի փոխանցմամբ՝ փառատոնի գլխավոր համերգները կլինեն Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայի համերգային կատարումը, որը կղեկավարի Միխայիլ Պլետնյովը և հանդիսավոր փակման համերգը, որի ընթացքում իտալացի դիրիժոր Ալբերտո Ձեդդան կներկայացնի Ռոսսինիի «Փոքր հանդիսավոր մեսսայի» իր մեկնաբանությունը:

Մեկնաբանել