Թավջութակահար Տիգրան Մարտիկյանը հանդես կգա «Իմ Հայաստան» փառատոնին

Սեպտեմբերի 11-ին Կամերային երաժշտության տանը  «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակում կկայանա  թավջութակահար  Տիգրան Մարտիկյանի և հայաստանցի հայտնի ջազային կատարողների համատեղ համերգը, հայտնում են Սփյուռքի նախարարության մամուլի բաժնից:

Տիգրան Մարտիկյանը 1980-1988թթ. սովորել է Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի  թավջութակի և դաշնամուրի բաժիններում: Դպրոցն ավարտելուց հետո 1991թ. ընդունվել է Լոս-Անջելեսի քոլեջ (LACC),  դաշնամուրի բաժին և երկու տարի անց շարունակել ուսումը  Հարավային Կալիֆորնիայի համալսարանի (USC) ջազային բաժնում: Սովորելու ընթացքում արժանացել է բազմաթիվ պատվոգրերի և գովասանագրերի, այդ թվում` լեգենդար ջազմեն Չիկ Կորեայի կողմից: Տիգրանը համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում և եվրոպական մի շարք երկրներում: Երաժիշտն ապրում  և աշխատում է  Լոս-Անջելեսում:

Տիգրան Մարտիկյանը նաև կոմպոզիտոր է: Նա երաժշտություն է գրել մի շարք ամերիկյան կարճամետրաժ կինոնկարների համար: Այժմ աշխատում է նոր ջազային ձայնասկավառակի վրա, որը կկոչվի  My hometown Armenia: