Ահմադինեժադը «Ժառանգորդը» գործողություն է նախապատրաստում

Օրերս Իրանում պաշտոնապես հայտարարվեց նախագահական նոր ընտրությունների ամսաթիվը․ դրանք տեղի կունենան 2013թ․ հունիսի 14-ին։ Համաձայն Իրանի Սահմանադրության՝ ներկայիս նախագահ Մահմուդ Ահմադինեժադը չի կարող առաջադրել իր թեկնածությունը երեք ժամկետ անընդմեջ։ Ինչևէ, Ահմադինեժադի հակառակորդները վստահ են՝ նա չի պատրաստվում նահանջել և ձգտելու է նախագահ դարձնել իր դաշնակցին։ Թեհրանում սկսել են խոսել այն մասին, որ Ահմադինեժադը ցանկանում է կրկնել 2008թ․ Վլադիմիր Պուտինի իրականացրած «Ժառանգորդը» գործողությունը, իսկ նրա մերձավոր զինակից Էսֆանդիյար Ռահիմ Մաշաիին արդեն անվանում են Իրանի Մեդվեդև, գրում է ռուսական «Կոմերսանտ» թերթը։

55-ամյա Մահմուդ Ահմադինեժադը, որը Իրանի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2005-ից, վրդովել է ընդդիմախոսներին՝ վերջերս տված հարցազրույցի ժամանակ հասկացնելով, որ երկրորդ մանտադի ավարտից հետո մտադիր չէ ստվեր մտնել։ Երբ լրագրողը նշել է, որ հաջորդ տարի նա ստիպված է հրաժեշտ տալ իր պաշտոնին, Ահմադինեժադը պատասխանել է հարց-կատակով՝ Որտեղի՞ց գիտեք, ու չի համաձայնել այն պնդմանը, որ նրա կառավարությանը մեկ տարուց քիչ ժամանակ է մնացել աշխատելու։

Իրանի նախագահի հակառակորդները, որոնք առավել պահպանողական դիրքերում են և խմբված են երկրի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի շուրջը, վստահ են․ Ահմադինեժադը պատրաստում է «Ժառանգորդը» գործողությունը և պետության ղեկավարի պաշտոնում տեսնում է իր դաշնակցին՝ նախկին առաջին փոխնախագահ Էսֆանդիյար Ռահիմ Մաշաիին։

Իրանի խորհրդարանի պատգամավոր Մոհամադ Դեհգանը Ահմադինեժադին մեղադրել է Վլադիմիր Պուտինի (որը 2008թ․ նպաստեց Դմիտրի Մեդվեդևի նախագահ ընտրվելուն և դրանով իսկ հող նախապատրաստեց չորս տարի հետո իր վերադառնալու համար) օրինակին հետևելու մտադրության մեջ։ «Ահմադինեժադը պետք է հասկանա, որ Իրանը Ռուսաստան չէ, և որ ինքը Պուտինը չէ։ Բացի այդ՝ մարդը, որին նա նախապատրաստում է Իրանի Մեդվեդևի դերի համար, հասարակության աջակցությունը չի վայելում և քաղաքական ապագա չունի»,- նախազգուշացնում է Դեհգանը։

Թեհրանում բոլորի համար ակնհայտ է, որ խոսելով Իրանի Մեդվեդևի մասին՝ պատգամավորը նկատի ուներ Էսֆանդիյար Ռահիմ Մաշաիին, որը 2009թ․ հուլիսին հեռացվեց առաջին փոխնախագահի պաշտոնից այաթոլլահ Խամենեիի պահանջով։ Պահպանողականները Մաշաիին համարում են վտանգավոր ազատախոհ՝ հիշեցնելով նրա նախկին «անթույլատրելի արտահայտությունները», օրինակ՝ Իրանի և Իսրայելի ժողովուրդների միջև բարեկամության կամ այն մասին, որ պարսկական հարուստ մշակույթը ստեղծվել է իսլամի ծագումից շատ առաջ։

Պահպանողական ճամբարի ճնշման ներքո Ահմադինեժադի շրջապատը հանդես է եկել հրապարակային հերքմամբ՝ վստահեցնելով, որ չի պատրաստվում Մաշաիին նախագահ առաջադրել։ Ինչևէ, մինչև քվեարկությունը մնացած ամիսների ընթացքում այս դիրքորոշումը դեռ շատ անգամներ կարող է վերանայվել։ Նախկին առաջին փոխնախագահն ինքն էլ վճռական է տրամադրված։ Իրանական լրատվամիջոցները մեջբերում են նրա խոսքը․ «Ալլահի ու մեր բարեկամների օգնությամբ մենք կկարողանանք վերահսկել ապագա կառավարությունը»։

Իրանի նախագահի պաշտոնի մյուս հավակնորդների թվում փորձագետները նշում են Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլիին՝ Իրանի միջուկային ծրագրի հարցերով գլխավոր բանագնացին։ Նրան համարում են այաթոլլահ Խամենեիի դրածո։ Բացի այդ՝ պետության ղեկավարի աթոռի համար կարող են պայքարել Թեհրանի քաղաքապետ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը և խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին։

Ընդ որում՝ իրանցի քաղաքական գործիչների բաժանումը պահպանողականների ու լիբերալների միանգամայն պայմանական է։ Նախագահի հավանական թեկնածուներից և ոչ մեկը կասկածի տակ չի առնում 1979թ․ իսլամական հեղափոխության իդեալները։ Իսրայելի հետ դիմակայությանն ու Իրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցերում և՛ այաթոլլահ Խամենեիի, և՛ Մահմուդ Ահմադինեժադի համախոհները կոշտ դիրքորոշում ունեն։ Իսկ Հոլոքոստի ու «սիոնիստական թշնամական կազմավորումը» ոչնչացնելու ձգտման վերաբերյալ առավել սկանդալային հայտարարություններ արել է հենց նախագահը, որը զուտ կրոնական հարցերում ունի ավելի չափավոր հայացքներ, քան հոգևոր առաջնորդը։

Նրանք, ովքեր կկարողանային իրական գաղափարախոսական այլընտրանք լինել երկրի ներկայիս ղեկավարներին, մեծ քաղաքականությունից հեռացված են։ Առաջին հերթին՝ խոսքը նախկին վարչապետ Միր Հոսեյն Մուսավիի և խորհրդարանի նախկին խոսնակ Մեհդի Քարուբիի՝ 2009թ․ ընտրություններից հետո իշխանությունների հասցեին ուղղված զանգվածային խախտումների մեղադրանքների պատճառով սկսված «կանաչ հեղափոխության» առաջնորդների մասին է։ Նրանք երկուսն էլ մինչ օրս տնային կալանքի տակ են և հազիվ թե կարողանան մասնակցել ընտրարշավին․ թեկնածուների «մաղումը» դեռ նախնական փուլում իրականացնում է Սահմանադրության պահապանների խորհուրդը։

Մեկնաբանել