ԱՄՆ-ը Հայաստանի դատաիրավական ոլորտը կֆինանսավորի 2,5 մլն դոլարով

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն այսօր ստորագրել են ԱՄՆ-ի և Հայաստանի Հանրապետության միջև կնքված թմրամիջոցների հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության նամակ-hամաձայնագրի 14-րդ փոփոխությունը կատարելու մասին արձանագրությունը: Նամակ-համաձայնագրի այս փոփոխությամբ մոտ 2,5 մլն դոլարի լրացուցիչ օժանդակություն է նախատեսվում Հայաստանին դատաիրավական ոլորտում մի շարք աջակցության ծրագրերի իրականացման համար, հաղորդում են դատախազության մամուլի ծառայությունից:

Ակնկալվում է, որ համաձայնագրով տրամադրվող ֆինանսավորումը կնպաստի Հայաստանի իրավապահ մարմինների կարողությունների զարգացմանը, կծառայի ՀՀ Կառավարությանն առավել արդյունավետ կերպով պայքարել անդրազգային հանցանքների դեմ, ինչպես նաև աջակցություն կցուցաբերի դատաիրավական և օրենսդրական բարեփոխումների ամբողջ գործընթացին: 

Հայաստանում գործող կազմակերպությունները և իրականցվող երկկողմ ծրագրերը ներառում են Ամերիկյան փաստաբանների ընկերակցության իրավունքի գերակայության նախաձեռնության, Փի-Էյչ Ինթերնեշնլ ՀԿ-ի ԶԱՆԳ Հայաստանի իրավական սոցիալականացման, ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյի քրեափորձագիտական կենտրոնի զարգացման ծրագրերը: Այս աջակցությունը նաև կնպաստի Հայաստանում փողերի լվացման, մարդկանց թրաֆիքինգի և կոռուպցիայի դեմ ուղղված կարողությունների, ինչպես նաև նոր քրեակատարողական համակարգի զարգացմանը:

2001թ. հունիսի 11-ին նախնական համաձայնագիրը ստորագրելուց ի վեր Միացյալ Նահանգների Կառավարությունը դատաիրավական ոլորտին աջակցելու նպատակով դեսպանության` Թմրամիջոցների դեմ պայքարի ու իրավապահ համագործակցության գրասենյակի միջոցով Հայաստանին է տրամադրել ավելի քան 18 մլն դոլարի օգնություն, որի շնորհիվ ձևավորվել են փորձաքննությունների ազգային բյուրոն, ֆինանսադիտարկումների կենտրոնը, օժանդակություն է ցուցաբերվել անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում իրավապահ մարմինների աշխատակիցների վերապատրաստմանը, դատաիրավական բարեփոխումներին: