Մռավի լեռներից մինչև Արաքս. Լիբանանի հայերն ազատագրված հողերում

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 4-ը տողերիս հեղինակը անցկացրեց լիբանանահայ գործարարների պատվիրակության հետ, որը հինգ օրերի ընթացքում երբեմն դժվարանցանելի ճանապարհներով կտրեց  հարյուրավոր կիլոմետրեր, ունեցավ բազմաթիվ հանդիպումներ Քաշաթաղի և Շահումյանի շրջանների շարքային քաղաքացիների՝ վերաբնակիչների հետ: Շուրջ հինգ տասնյակ հոգանոց պատվիրակությունը Ստեփանակերտում հանդիպումներ ունեցավ Արցախի նախագահի և վարչապետի հետ: Երեք տարի առաջ լիբանանահայ գործարարների ավելի փոքր խմբի հետ անցել էի գրեթե նույն երթուղով: Բացի այդ, որպես լրագրող իմ հաճախակի այցելությունները Մռավի լեռներից մինչև Արաքս, ինձ հնարավորություն են տալիս համեմատել. ինչպիսի՞ն էին կյանքը և պայմանները, ինչպիսի՞ն էին մարդիկ և հույսերը 1990-ական թվականներին, տասը տարի առաջ, 2005-ին, 2009-ին, այսօր: Որքան շատ եմ այցելում այդ տարածքներ, ավելի մոտիկից  ծանոթանում պայմաններին ու մարդկանց, այնքան ավելի լավ եմ համոզվում, թե որքան բազմաշերտ, բարդ, զգայուն, երկարաժամկետ և դժվար գործընթաց է վերաբնակեցումը: Սերունդներ են պահանջվելու, միլիարդավոր դոլարներ ու խորը հավատ, մինչև որ այդ տարածքները վերջնականապես ազատվեն ավերակներից, վերականգնվեն ու վերաբնակեցվեն լիարժեքորեն: Դժվարամատչելի ու բարձր լեռան գագաթը հաղթահարելու ճանապարհին կարևոր է յուրաքանչյուր մետրը: Այս ճանապարհին հայերը դեռ լեռան ստորոտում են: Մնացյալը՝ ստորև:    

Քաշաթաղի շրջանի հարավային՝ Արաքսի հարթավայրային հատվածում, անցնող աշնանը մշակվել ու ցանվել է հավելյալ 2500 հեկտար հողատարածք` շնորհիվ Կիպրոսում գրանցված լիբանանյան Artsakh Roots Investment՝ ԱՐԻ ընկերության տրամադրած վարկային միջոցների: ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի նախագահ Վահրամ Բաղդասարյանը ասում է, որ տարին բարենպաստ էր՝ միջինից բարձր բերք է ստացվել, իսկ մթերման գները եղել են համեմատաբար բարձր: 

«Արցախում գյուղատնտեսական ծրագրերի զարգացման գործում ԱՐԻ հապավումը արդեն անբաժանելի է», ասում է Բաղդասարյանը, ընդգծելով, որ ԱՐԻ-ն, ի տարբերություն առևտրային բանկերի, գյուղացիներից ոչ միայն գրավ չի պահանջում, այլև երկարաժամկետ վարկերը տրամադրում է ընդամենը 9 տոկոսով: Վերջնարդյունքում, գյուղացիներն այդ վարկերն ստանում են 6 տոկոսով, քանի որ մյուս 3 տոկոսը սուբսիդավորում է Արցախի կառավարությունը: 

Հակարի գետին մոտ գտնվող Ներքին Սուս համայնքում հինգ ընտանիք ստացել է անասնավարկ, բայց կան այլ ընտանիքներ ևս, որոնք ցանկանում են օգտվել վարկերից: «Սա այն աշխատանքի շարունակությունն է, որ կատարեցին հայ ազատամարտիկները արցախյան պատերազմի տարիներին: Շարունակե´ք աջակցել բոլոր այն քաշաթաղցիներին, ովքեր ցանկություն ունեն զարգացնել գյուղատնտեսությունը, ունենալ անասուններ, բարելավել իրենց կենցաղը, բայց գումար չունեն», ԱՐԻ-ի վարկատուներին հորդորեց Ներքին Սուսի բնակիչներից Սարգիս Ասլանյանը:

Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի խոսքով՝ ԱՐԻ ընկերության և Արցախի կառավարության համագործակցությունը ուղղված է Քաշաթաղի շրջանի տնտեսական զարգացմանն ու վերաբնակեցմանը: «ԱՐԻ-ի կողմից ներգրավված միջոցների հաշվին իրականացվել է ավելի քան 1,1 միլիոն դոլարի աջակցություն»,- ասում է նա: Բացի այդ, Լիբանանի «Արցախ» ֆոնդի կողմից Քաշաթաղի շրջանում 2006 թվականից տրամադրվել է 289 հատ կթու կով բոլոր այն ընտանիքներին, որտեղ ծնվել է երրորդ երեխան:

Քարեգահ համայնքի ղեկավար Մարինե Պետոյանը ասում է, որ այն ներդրումները, որոնք կատարվում են ԱՐԻ-ի և «Արցախ» ֆոնդի միջոցով, լուրջ խթան են վերաբնակիչ ընտանիքների տնտեսության զարգացման համար: «Ես առաջարկում եմ, որ այստեղ ձևավորված երիտասարդ ընտանիքները արտահերթ օգտվեն տրամադրվող վարկերից: Դա լուրջ խթան կլինի նրանց կայացման համար»,- ասում է Պետոյանը:

ԱՐԻ-ի գործադիր տնօրեն Սուրեն Սարգսյանի խոսքով՝ Հայաստանի և Արցախի համար «ռազմավարական արժեք ներկայացնող այս հողամասը վերաբնակեցնելու աշխատանքի ուղղությամբ շատ լուրջ ծրագրեր պետք է մշակենք ոչ միայն Լիբանանի և Արցախի, այլ համայն սփյուռքահայության հետ»:

ԱՐԻ-ի հիմնադիրներից Մասիս Ալեքսանդրյանն ասում է, որ ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հետ համագործակցության երկու տարիների աշխատանքներն ընթանում են սահուն և թափանցիկ: «Մենք եկել ենք մեր աչքով տեսնելու, թե կատարված ներդրումները ինչ հետք են թողել հողի վրա, որոնք են ձեր առաջարկներն ու մտահոգությունները, ինչ ակնկալություններ ունեք: Մենք փորձելու ենք այս ծրագրի մեջ ներառել նաև սփյուռքյան այլ գաղութներ, բայց ուզում ենք, որ այս առաջին փորձը մեր մտքում շատ հստակ լինի, որպեսզի կատարենք մեր հետագայի ծրագրումները»,- ասաց Ալեքսանդրյանը:

2008 թ. մարտին Բերձոր քաղաքում «Թուֆենկյան հիմնադրամը» նախագահ Բակո Սահակյանի մասնակցությամբ կազմակերպել էր համահայկական խորհրդաժողով՝ հայությանը ներկայացնելու Քաշաթաղի խնդիրները, կարիքները, դժվարություններն ու շրջանի ռազմավարական կարևորությունը ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի անվտանգության համար: Խորհրդաժողովը նպատակ ուներ Հայաստանի և Սփյուռքի գործարարներին ներկայացնելու Քաշաթաղում ներդրումներ կատարելու կարելիությունները:

Քաշաթաղի շրջանը իր մեջ ներառում է նախկին Լաչինի, Ղուբաթլուի, Զանգելանի շրջանները և Ջեբրայիլի շրջանի մի մասը: Տարածքը արցախյան ուժերի վերահսկողության տակ է անցել 1992-93 թվականների ընթացքում: Քաշաթաղի շրջանն ունի ավելի քան 50 համայնք, վարչական կենտրոնը Բերձոր քաղաքն է, որով անցնում է համայն հայության հանգանակությունների միջոցով 1990-ական թվականներին կառուցված Գորիս-Ստեփանակերտ մայրուղին:

2009 թվականի օգոստոսին Քաշաթաղի շրջան այցելեցին լիբանանահայ շուրջ երկու տասնյակ գործարարներ, որոնք երկու օրվա ընթացքում շրջեցին մի շարք բնակավայրերում՝ նպատակ ունենալով ծանոթանալ շրջանի ներդրումային հնարավորություններին: Ապա այդ գործարարները Բեյրութ հրավիրեցին Արցախի վարչապետ Արա Հարությունյանին: Այս այցելությունների և քննարկումների արդյունքում ստեղծվեց Artsakh Roots Investment ընկերությանը, որը հայտարարեց, որ երկարաժամկետ, ցածր տոկոսադրույքով և առանց գրավի վարկեր է տրամադրելու Քաշաթաղի և Շահումյանի (Քարվաճառ) շրջանների բնակիչներին: Այս տարածքները  համարվում են աշխարհի ամենառիսկային շրջաններից մեկը ներդրումների և բիզնես գործունեության տեսանկյունից: Այսօր ԱՐԻ ընկերությանը մաս են կազմում ավելի քան ութ տասնյակ հայազգի գործարարներ, ովքեր կա՛մ բնակվում են Լիբանանում, կա՛մ ծնունդով Լիբանանից են:

Մենք չենք թողնի այս հողը

Սեպտեմբերի 1-ին ԱՐԻ-ի և «Արցախ» ֆոնդի ներկայացուցիչները այցելեցին Բերձոր, Իշխանաձոր, Կովսական ու Միջնավան: Սեպտեմբերի 1-ը՝ ուսումնական նոր տարվա առաջին օրը, հայ դպրոցականների, նրանց ծնողների ու ուսուցիչների ամենաուրախ օրն է: Իշխանաձորի դպրոցն ունի 35 աշակերտ: Այս տարի դպրոցն ունեցել է երեք շրջանավարտ, երեքն էլ ընդունվել են բարձրագույն ուսումնական հաստատություն: Գյուղացիները հավաքվել էին և սպասում էին լիբանանցի գործարարներին, որոնք այդ օրը պիտի երկու կթու կով տրամադրեին Ռուզաննա Գաբրիելյանին և Սիրվարդ Դավթյանին: Ռուզաննան ունեցել էր հինգերորդ երեխան, իսկ Սիրվարդը՝ վեցերորդ:

Ռուզաննային կթու կով նվիրեց Ստեփան Օվանեսովը, որն Իշխանաձոր էր եկել Լոնդոնից՝ տիկնոջ հետ: Ստեփանը ծնվել է Իրաքում, ապա տեղափոխվել Մեծ Բրիտանիա: Այսպիսի մարդկանց անիմաստ է հարցնել, թե ինչու են կով նվիրում մի ընտանիքի, որին նախկինում չեն տեսել, չեն ճանաչել և հավանաբար այլևս չեն հանդիպելու: Նրանց միակ շփումը կով նվիրելու մի քանի րոպեներն են, իսկ հիշողությունը՝ համատեղ լուսանկարը:

Սիրվարդին կով նվիրեց Տիգրան Գալայջյանը, որն Իշխանաձոր էր եկել Կահիրեից՝ տիկնոջ հետ:

«Այս տարի մենք 168 կով ենք տրամադրելու, որոնցից 100-ը Քաշաթաղի շրջանում,- հավաքվածներին դիմեց ԱՐԻ-ի և «Արցախ» ֆոնդի ներկայացուցիչներից Բեն Բչաքչյանը և շարունակեց:- Ես պիտի քաջալերեմ, որ այստեղ ընտանիքները ավելի շատ երեխաներ ունենան: Մենք ամեն ծնված երեխային մեկ կթու կով ենք տրամադրելու, որպեսզի երեխան ապահով լինի կաթով, մածունով, պանիրով»: 

Իշխանաձորի միջնակարգ դպրոցի դասվար Մարգարիտա Մնացականյանը 13 տարի առաջ ամուսնու և երկու տղաների հետ եկել է Վանաձոր քաղաքից: Երրորդ երեխան՝ աղջիկը, ծնվել է Իշխանաձորում: «Այս կովեր տրամադրելը հնարավորություն է տալիս բազմազավակ ընտանիքներին գոյատևելու, ապրելու: Մեկ կովը կարող է մեկ ընտանիք պահել: Սա շատ լավ ծրագիր է: Այս կով բաժանող մարդիկ կարող են արդեն համոզված լինել, որ դպրոց հաճախող  երեխան ամեն առավոտ կարող է մեկ բաժակ կաթ խմել»,- ասում է ուսուցչուհին: Նա, համեմատելով անցնող տարիներն ու այսօրը, նկատում է. «Դժվարություններ, անշուշտ կան, բայց փոփոխություններն էլ ակնհայտ են: Գյուղը արդեն կայացել է: Մենք չենք թողնի այս հողը»:

Իշխանաձորը Հակարի գետի երկայնքով տեղաբաշխված տասնյակ բնակավայրերից մեկն է: Ունի ավելի քան 200 բնակիչ: Ջրային պաշարներով հարուստ Քաշաթաղի շրջանով հոսում են նաև Աղավնո և Որոտան գետերը, որոնք միանում են Հակարիի ջրերին: Իսկ Հակարին միանում է Արաքսին:

Արսեն Թելունցը Իշխանաձորի գյուղապետն է, ծնունդով՝ Գորիսի Խնձորեսկ գյուղից: Այստեղ հաստատվել է 2000 թվականից: «Մեծ փոփոխություններ կան: Այն ժամանակ անգամ լույս չկար, մարդիկ ճրագի լույսի տակ էին ապրում, հիմա էլեկտրականություն կա: Ահագին տարբերություն կա մարդկանց կենցաղի և ապրելակերպի մեջ: ԱՐԻ-ի վարկերով մարդիկ դաշտեր են ցանում: Դրա շնորհիվ ընտանիքները հաց են ունենում ամբողջ տարվա համար: Արտագաղթ չկա, ով հարմարվել է, արդեն մնալու է: Նրանք, որոնք դիմացել են անցնող տարիների դժվար պայմաններին, այլևս չեն հեռանա»,- ասում է Թելունցը:

 

Կովսականում և Արաքսի ափին

ԱՐԻ-ի և «Արցախ» ֆոնդի ներկայացուցիչների հաջորդ կանգառը Կովսական քաղաքն էր: Մի քանի տարի առաջ այստեղ հաստատվել են մի քանի հողագործներ Սիրիայի Ղամշլի քաղաքից:  Արցախի պետությունը նրանց տրամադրել է շինանյութ տունը կարգի բերելու համար, «Թուֆենկյան հիմնադրամը»՝ աշխատուժի ծախսը, իսկ «Արցախ» ֆոնդը՝ ընտանիքների տեղափոխման ծախսերը Սիրիայից Արցախ:

«Սա շատ հաջող փորձ է: Այստեղ հաստատված ղամշլեցիներին շուտով կմիանան նրանց ընտանիքները: Ի՞նչու Ղամշլիից: Քանի որ Ղամշլին գյուղատնտեական շրջան է: Այս տարի լավ բերք են ստացել: Նրանք իրենց հետ բերել են նաև իրենց փորձը, որը հետաքրքրական է տեղացիների համար»,- ասաց Մասիս Ալեքսանդրյանը:

Կովսականում և հարևան Միջնավան քաղաքում «Արցախ» ֆոնդը մի քանի կթու կով բաժանեց: Նորա Հովհաննիսյանը ունեցել է վեցերորդ երեխան: Նա «Արցախ» ֆոնդից ստացել է երեք կթու կով: Այս անգամ Նորային կթու կով նվիրեց Թալին Գոնջյանը, որը եկել էր Բեյրութից: Կովսականում վեցերորդ երեխան է ունեցել նաև Ալինա Հարությունյանը: Նրան կթու կով նվիրեց Բեն Արսլանյանը: Իսկ Միջնավանում կթու կով ստացավ Մարիամ Ագախանովան, որն ունեցել էր հինգերորդ երեխան: Կովը նվիրեցին Նելլի Աղասարգիսյանն ու Թամար Գասարճյանը:

Միջնավանից մենք ուղևորվեցինք այն վայրը, որտեղ Ծավ գետը միանում է Արաքսին: Երեկոյան ավելի քան հիսուն սփյուռքահայեր և մի քանի տասնյակ տեղացիներ ընթրիքի սեղան էին գցել հենց Արաքսի ափին: Մայր գետը մեր նախորդ հանդիպման համեմատ ավելի վարար էր: Մի քանի կենացներ խմեցին ու երգեր երգեցին: Կեսգիշերից հետո, հինգ ժամվա ճանապարհ հաղթահարելուց հետո, խումբը հասավ Ստեփանակերտի «Պարկ հոթել» հյուրանոց:  

Թաթուլ Հակոբյան, Բերձոր-Իշխանաձոր-Կովսական-Միջնավան-Արաքս