Օբամայի էֆեկտը

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության՝ անցյալ շաբաթ Շառլոտում (Հյուսիսային Կարոլինա) ավարտված համագումարից հետո երկրի նախագահ Բարաք Օբաման մեծացրել է առավելությունը իր մրցակցի՝ հանրապետական Միթ Ռոմնիի նկատմամբ։ Անցյալ հինգշաբթի Օբաման դարձավ դեմոկրատների՝ ԱՄՆ նախագահի պաշտոնական թեկնածուն և հանդես եկավ ելույթով, որը բրիտանական Financial Times-ի գնահատմամբ՝ նրա լավագույնը չէր։ Սակայն արդեն ուրբաթ Gallup հասարակական մտքի հետազոտման ծառայությունը արձանագրեց, որ Օբամայի աշխատանքին հավանություն է տալիս հարցվածների 52%-ը․ սա ամենաբարձր արդյունքն է 2011թ․ մայիսից հետո, երբ ԱՄՆ նախագահի վարկանիշը մեծապես աճեց Ուսամա բեն Լադենի սպանությունից հետո։ Ինն օրվա մեջ առաջին անգամ աճել է նաև Օբամայի վարկանիշը (մինչև 48%), և այժմ նա 3%-ով գերազանցում է Ռոմնիին, թեև նախքան դեմոկրատների համագումարը նրանց վարկանիշները մեկ մակարդակում էին։

Reuters/Ipsos-ի՝ երեկ հրապարակված հարցումը նույնպես արձանագրել է Օբամայի առավելություն Ռոմնիի նկատմամբ․ մեկ շաբաթ առաջ ԱՄՆ նախագահը հանրապետականից առաջ էր 1%-ով, իսկ համագումարից հետո առավելությունը մեծացել է՝ Օբամային աջակցում է հարցվածների 47%-ը, իսկ Ռոմնիին՝ 43%-ը։ Reuters-ի կողմից համագումարից հետո հարցված քաղաքացիների կարծիքով՝ Օբաման Ռոմնիից ավելի լավ կարող է «ներկայացնել Ամերիկան», նա «ճիշտ արժեքներ է կրում»։

Կտրուկ աճ է տեղի ունեցել, մեջբերում է Reuters-ը հարցումն իրականացրած Ջուլիա Կլարկին, Օբամայի առավելությունը Ռոմնիի նկատմամբ համեմատելի է հանրապետական թեկնածուի՝ երկու շաբաթ առաջ Տամպայում (Ֆլորիդա) իր կուսակցության համագումարից հետո ունեցած առավելության հետ։ Այժմ համագումարներն ավարտվել են, և Օբաման կարող է պահպանել առավելությունը, եզրափակում է Կլարկը։ Հաջորդ փորձությունը (որը կարող է էապես ազդել մրցակիցների վարկանիշների վրա) կլինի Օբամայի ու Ռոմնիի բանավեճը հոկտեմբերի 3-ին։