ԱԺ-ն քննարկում է պատգամավորների՝ մեկից ավելի հանձնաժողովներում մասնակցության հարցը

Ազգային ժողովի փոքր խմբակցությունների պատգամավորները կարող են մասնակցել երկուսի փոխարեն երեք մշտական հանձնաժողովի աշխատանքի: ԱԺ կանոնակարգ օրենքում այս փոփոխությունը կատարելու օրենսդրական նախաձեռնությունն այսօրվա  նիստում  ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ նշելով, որ օրենքի նպատակն է ապահովել յուրաքանչյուր խմբակցության հնարավորությունը՝ մասնակցելու մշտական հանձնաժողովների աշխատանքներին՝ անկախ պատգամավորների քանակից: Այն, թե որքանով է արդյունավետ մի պատգամավորի միաժամանակյա ներգրավվածությունը միաժամանակ մի քանի հանձնաժողովում, Հարությունյանը պատասխանեց, որ դա կախված է կոնկրետ պատգամավորից:

ԱԺ ՀՅԴ խմբակցության  պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ողջունելով այս փոփոխությունը, որի ներկայացման համար հենց փոքր խմբակցություններն են ժամանակին պայքարել, հանդես եկավ առաջարկություններով, որ մեկից ավելի մշտական հանձնաժողովում ներգրավված պատգամավորների վճարովի օգնականների քանակը մեկից  դարձվի երեք, որպեսզի պատգամավորները կարողանան իրենց աշխատանքը հանձնաժողովների կազմում արդյունավետ իրականացնել: Պատգամավորը նաև առաջարկեց փոփոխել մշտական հանձնաժողովների նիստերի օրերը և ժամերը, որպեսզի մեկից ավելի հանձնաժողովում ընդգրկված պատգամավորները կարողանան հետևել ԱԺ կանոնակարգ  օրենքի պահանջին և մասնակցել հանձնաժողովի բոլոր այն նիստերին, որոնցում ընդգրկված են:

Արծվիկ Մինասյանի տեսակետը պաշտպանեց նաև անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, որը նշեց, որ պատգամավորների համար պետք է հավասար պայմաններ ստեղծել, մինչդեռ այս տեսքով փոփոխությունների նախագիծը այդ պահանջը չի կատարում: