Ինտերնետ օգտատերերի համար «ամենավտանգավոր» աստղն Էմմա Ուոթսոնն է. McAfee

Բրիտանացի դերասանուհի Էմմա Ուոթսոնն ինտերնետ օգտատերերի համար դարձել է «ամենավտանգավոր» դեմքը. նրա անունն ամենահաճախն է կիրառվում մարդկանց վտանգավոր կայքեր գրավելու նպատակով, հայտարարել է McAfee հակավիրուսային ընկերությունը:

Դերասանուհու մասին տեղեկատվություն փնտրելիս վիրուսներով վարակված կայք մտնելու հավանականությունը 12% է, տեղեկացնում է ընկերությունը: Բացի Ուոթսոնից՝ ինտերնետ-խարդախների «ֆավորիտների» թվում են նաև դերասանուհիներ Ջեսիկա Բիլը, Եվա Մենդեսը, երգչուհի Շակիրան և հայտնի այլ դեմքեր:

McAfee-ն գրում է նաև, որ 2012-ին առաջին անգամ թոփային ցանկում գերակշռում են կանայք. «քսանյակում» ընդգրկված միակ տղամարդը հեռուստահաղորդավար Ջիմմի Քիմելն է:

McAfee հակավիրուսային ընկերությունը վերջին վեց տարվա ընթացքում ուսումնասիրում է ինտերնետ-խարդախների կողմից ամենահաճախ օգտագործվող հայտնի մարդկանց անունները: 2011-ին ցանկի առաջատարն էր դերասանուհի Հայդի Կլումը, որն այս անգամ ցուցակում չի ընդգրկվել: