Բուդապեշտի քայլն ուղղված չէ Հայաստանի դեմ. Հունգարիայի ԱԳ նախարարը՝ Է. Նալբանդյանին

Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու՝ Հունգարիայի քայլն ուղղված չէ Հայաստանի դեմ և չի կարող ընկալվել որպես հայ ժողովրդին ուղղված վիրավորանք: Ինչպես հաղորդում է հունգարական Politics.hu կայքը, այս մասին նշել է Հունգարիայի արտգործնախարար Յանոս Մարտոնյին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ուղղած իր նամակում:

Նամակում, որ ուրբաթ օրը հրապարակվել է հունգարական MTI լրատվական կայքում, Մարտոնյին շեշտել է, որ Սաֆարովի արտահանձնումը համապատասխանում է միջազգային կանոնագրերին, ինչպես նաև նմանատիպ դեպքերի համար՝ Հունգարիայի փորձին: Մարտոնյիի խոսքով՝ գործարքը «զուտ իրավաբանական բնույթ է կրել»:

Միաժամանակ՝ Հունգարիայի արտգործնախարարն իր ափսոսանքն է հայտնել, որ Հայաստանը կասեցրել է իր դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ՝ վկայակոչելով երկու երկրների ավանդական բարեկամությունն ու քրիստոնեական արժեքները, որ կապում են երկու ժողովուրդներին հազարամյակներ շարունակ:

Մարտոնյին նաև ասել է, թե դիվանագիտական հարաբերությունների կասեցումը կարող է այնպիսի լուրջ հետևանքներ ունենալ, որոնք չեն բխի Հայաստանի շահերից:

Հունգարիայի արտգործնախարարը նաև իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ-ի կողմից գործադրվող ջանքերին` լուծելու հայ-ադրբեջանական հակամարտությունը բանակցությունների միջոցով: Եզրափակելով նամակը` նա վերահաստատել է Հայաստանի հետ հետագա հարաբերություննները զարգացնելու Հունգարիայի անփոփոխ ցանկությունը` կոչ անելով երկկողմ ջանքեր գործադրել` բարեկամական հարաբերությունները վերականգնելու նպատակով: