Արթուր Աբրահամը շնորհավորել է հայ շախմատիստներին

WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգի աշխարհի չեմպիոն, հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը շնորհավորական ուղերձ է հղել Շախմատի Հայաստանի հավաքականի հաղթանակի առթիվ։ Հիշեցնենք, որ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը երեկ Ստամբուլում ավարտված Օլիմպիադայում նվաճել է ոսկե մեդալներ։

«Շնորհավորում եմ Շախմատի Հայաստանի հավաքականին և աշխարհասփյուռ հայությանը` երրորդ անգամ այս բարձրագույն թիմային արդյունքին հասնելու` Ստամբուլում համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու առթիվ: Հերթական անգամ մեր հերոսները` Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, ՍերգեյՄովսեսյանը և գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանն ապացուցեցին ողջ աշխարհին, որ մենք` հայերս, փայլում ենք մեր տրամաբանությամբ, խորամտությամբ, մտքի ճկունությամբ, արագ կողմնորոշվելու և մտածված գործելու հատկություններով: Սա հերթական առիթն է հպարտանալու մեր հայ լինելով, նաև պարծենալու, որ մեր հայրենիքը` Հայաստանը, շախմատային գերտերություն է: Շախմատի Հայաստանի հավաքականին մաղթում եմ նորանոր հաղթանակներ: Վստահ եմ` այս հաղթարշավը դեռ երկար է շարունակվելու: Իմ անսահման մեծարանքն ու քաջալերանքը ձեզ` մտքի և տրամաբանության արքաներիդ:

Ձեր` Արթուր Աբրահամ:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել