Դսեղում յոթերորդ անգամ կկազմակերպվի «Թումանյանական հեքիաթի օրը»

Արդեն յոթերորդ տարին է, ինչ Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնը` «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանը», Լոռու մարզի Դսեղ գյուղում կազմակերպում է  «Թումանյանական հեքիաթի օր» խորագրով տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնը:

Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14:00-ին, Դսեղի կենտրոնական հրապարակում: Բացման արարողությունից հետո կմեկնարկի բացօթյա թատերականացված տոնախմբությունը, կսկսվեն  առաջին ներկայացումները: Առաջին անգամ փառատոնի ծրագրում ընդգրկված ներկայացումները կցուցադրվեն նաև Լոռու մարզի տարբեր քաղաքներում, գյուղերում ու ավաններում: Փառատոնի օրերին կտրվեն տիկնիկային արվեստի վարպետության և տիկնիկագործության դասեր, կգործեն տիկնիկների ցուցահանդեսներ, ամենօրյա երեկոյան ակումբներ, կանցկացվեն էքսկուրսիաներ, կցուցադրվեն տեսաֆիլմեր:

Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ 2012-ին փառատոնի ծրագրում առանձնահատուկ շեշտադրում ունի մանուկների և գրականության կապը, կան գրքի համաշխարհային մայրաքաղաք   Երևանին նվիրված ծրագրեր․ կներկայացվեն հայ մանկագիրների, անվանի գրողների՝ մանուկների համար նախատեսված պատկերազարդ հրատարակությունները:

Այս տարի ևս թումանյանական հեքիաթի փառատոնը հյուրընկալելու է թատրոնների, դերասանների, տիկնիկավարների ու տիկնիկագործների տարբեր երկրներից: