Սեպտեմբերի 15-ին՝ համաքաղաքային շաբաթօրյակ Երևանում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարել է միջոցառումներ ձեռնարկել` Հայաստանի Շախմատի հավաքականին դիմավորելու և մշակութային համապատասխան ծրագիր կամզակերպելու ուղղությամբ, հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է իրազեկել բնակչությանն ու շահագրգիռ կազմակերպություններին շաբաթ օրը՝ սեպտեմբերի 15-ին, կայանալիք համաքաղաքային շաբաթօրյակի աշխատանքների վերաբերյալ, որին արդեն ցանկություն են հայտնել մասնակցելու  նաև երիտասարդական և բնապահպանական մի շարք կառույցներ ու հասարակական կազմակերպություններ:

Հոկտեմբերի 14-ի «Էրեբունի-Երևան» տոնակատարության միջոցառումների կազմակերպման աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ նախապատրաստական աշխատանքները շարունակվում են ծրագրի և սահմանված ժամանակացույցի համաձայն:

«Երևանի կառավարման տեխնոլոգիաների կոնտրոն» ՊՓԲԸ տնօրենը զեկուցել է, համապատասխան աշխատանքներ են տարվում այգիներում և պուրակներում WiFi համակարգերի տեղադրման ուղղությամբ: Համակարգի ընդլայնման նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է այդ աշխատանքներում ներգրավել  նաև շահագրգիռ տնտեսվարողներին և այլ կազմակերպությունների:

Խորհրդակցության ընթացքում զեկուցվել է նաև, որ շարունակվում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից, ինչպես նաև Նորքի, Դալմայի այգիների և անտառաշերտով պատված այլ տարածքների ոռոգման աշխատանքները:

Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ ընթացքի մեջ է Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը, նախորդ շաբաթ կայացել է 5 երթուղիների մրցույթ: Զեկուցվել է նաև, որ մինչև 2013թ. առաջին եռամսյակի ավարտը մայրաքաղաքում նկատելիորեն կնվազի միկրոավտոբուսների քանակը` դրանց փոխարեն շահագործման հանձնելով ներկրված և ներկրվող ավտոբուսները: