«Տալիբան» շարժման որոշ առաջնորդներ պատրաստ են գնալ զինադադարի և անգամ հաշտվել Աֆղանստանում ամերիկացի զինվորների ներկայության հետ։ Սակայն խաղաղության համար գլխավոր խոչընդոտ կարող է դառնալ երկրի նախագահ Համիդ Քարզայը։
«Տալիբանի» բարձրաստիճան որոշ ներկայացուցիչներ պատրաստ են քննարկել կրակի դադարեցման հարցը և անգամ համաձայնել Աֆղանստանում ամերիկյան զորքերի երկարաժամկետ ներկայության հետ, ասված է բրիտանական Պաշտպանական հետազոտությունների թագավորական ինստիտուտի՝ այսօր հրապարակած զեկույցում։
Փաստաթղթում նշված է, որ կարգավորման շրջանակում տալիբները մտադիր են խզել կապերը «Ալ Կաիդայի» հետ և անգամ սկսել բանակցություններ աղջիկներին կրթություն ստանալ թույլատրելու մասին, սակայն նրանք կտրուկ դեմ են նախագահ Համիդ Քարզայի (որին մեղադրում են կոռուպցիայի մեջ) կառավարության հետ երկխոսությանը։
Ինստիտուտի զեկույցը հիմնված է «Տալիբանի» որոշ ներկայացուցիչների հետ հարցազրույցների վրա․ նրանցից մեկը, մասնավորապես, նկարագրված է՝ որպես շարժման ներկայիս առաջնորդ Մոհամադ Օմարի հետ սերտ կապեր ունեցող մարդ, իսկ մյուսը՝ մոջահեդների նախկին ավագ հրամանատար և շարժման գլխավոր բանագնաց։
Զեկույցի հեղինակները եզրահանգում են, որ տալիբները բաց կլինեն կրակի դադարեցման վերաբերյալ բանակցությունների համար և պատրաստ կլինեն ընդունելու Աֆղանստանում ԱՄՆ-ի երկարաժամկետ ռազմական ներկայությունը։
Հարցվածներից մեկի (որը զեկույցում անվանվում է շարժման հիմնադիր անդամ) խոսքով՝ ԱՄՆ-ը կարող է մնալ իր ռազմաբազաներում Կանդահարում, Հերաթում, Ջելալաբադում, Մազարե Շարիֆում ու Քաբուլում և անգամ «Ալ Կաիդայի» դեմ պայքարում ապավինել տալիբների օգնությանը, որոնք, իբրև, զղջում են ահաբեկչական կազմակերպության հետ իրենց նախկին կապերի համար։ Սակայն միայն պայմանով, որ նրանք չեն միջամտելու երկրի ներքին գործերին, ոտնձգություններ թույլ չեն տալու նրա «անկախության ու կրոնի» նկատմամբ, ինչպես նաև չեն օգտագործելու Աֆղանստանի տարածքը՝ որպես պլացդարմ՝ այլ երկրների վրա հարձակվելու համար։
«Մենք չենք ասում, որ սա յուրատեսակ հարցում է, որը ցույց է տալիս, որ չորս տալիբից երեքը կողմ է կրակի դադարեցմանը։ Սակայն կա շարժման մի հատված, որը տեսնում է, որ պատերազմում հաղթելու հեռանկարներ չկան»,- մեջբերում է բրիտանական Guardian-ը զեկույցի համահեղինակ, Աֆղանստանում Եվրամիության նախկին ներկայացուցիչ Մայքլ Սեմփլին։
Հիշեցնենք, որ նախկինում և՛ Քարզայը, և՛ ամերիկացի պաշտոնյաները հաստատել են տալիբների հետ բանակցություններ սկսելու փաստը։ Շատ վերլուծաբաններ այս կակպակցությամբ նշել էին, որ աֆղանցի տալիբների հայացքները պատերազմի վերջին տասը տարիներին զգալի մեղմվել են, ինչը Վաշինգտոնի ու Քաբուլի համար հեշտացնում է նրանց հետ երկխոսությունը։
Լրատվամիջոցներում հայտնվել էին նաև տալիբների քննադատական արտահայտություններ՝ ուղղված «Ալ Կաիդայի» հասցեին։ ««Տալիբանի» բոլոր անդամների նվազագույնը 70%-ը բարկացած է «Ալ Կաիդայի» վրա։ Մեր մարդիկ նրան համարում են անեծք՝ ուղարկված երկնքից։ Անկեղծ ասած՝ ես թեթևացած շունչ քաշեցի, երբ իմացա Ուսամա բեն Լադենի սպանության մասին։ Իր գործողություններով նա քանդում էր Աֆղանստանը»,- ամռանը մեջբերել էր բրիտանական New Statesman պարբերականը շարժման բարձրաստիճան անդամներից մեկին։
Այդ ժամանակ նա նաև հայտարարել էր Աֆղանստանի կառավարության հետ երկխոսության անիմաստ լինելու մասին՝ նշելով, որ երկրում ամբողջ իշխանությունը պատկանում է ԱՄՆ-ին։