Բարձր ցուցանիշներ Դավիթաշեն, Ավան, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում. քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների օգոստոս ամսվա ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները, հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Այսպես՝ բարձր ցուցանիշներ են գրանցել Դավիթաշեն, Ավան, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները: Համեմատաբար ցածր ցուցանիշներ են արձանագրվել Նուբարաշեն վարչական շրջանում:

Անդրադառնալով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների ցուցանիշներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ հետևողական աշխատանքի ամրագրումը՝ հատկանշելով, որ քաղաքային տնտեսության տարատեսակ ծրագրերի իրականացման հարցում առաջնահերթը հենց այս բաղադրիչի մասով կայուն արդյունքների ապահովումն է:

Աղբանահության, մասնավորապես սանմաքրման աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև աղբահանության վարձավճարների հավաքագրման մասով քաղաքապետը հանձնարարել է հնարավորին սեղմ ժամկետում վերացնել առկա թերացումները` այդ թվում քայլեր ձեռնարկելով սանմաքրման ձեռնարկությունների աշխատակիցների քանակի ավելացման ուղղությամբ։ Միաժամանակ` հանձնարարվել է համապատասխան քայլեր ձեռնարկել պարտավորություններից խուսափող ընկերություններին և բնակիչներին օրինական դաշտ բերելու և այդ մասով ցուցանիշները բարելավելու մասով։

Քաղաքապետը հանձնարարել է չբավարարվել ձեռքբերածով` առավել հետևողական աշխատանք տանելով ցուցանիշները բարելավելու ուղղությամբ:

Նախորդ ամսվա համեմատ տարբեր ոլորտներում հետևողական և արդյունավետ աշխատանքի շնորհիվ աղյուսակային ընդհանուր սանդղակում աճողական արդյունքներ են գրանցել Քանաքեռ-Զեյթուն, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Աջափնյակ, Արաբկիր և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանները: