Չեխերը Մունդիալի ժամանակ 300 հազար դոլար կաշառք են առաջարկել Գանայի հավաքականի դարպասապահին

Գանայի հավաքականի դարպասապահ Ռիչարդ Քինգսոնը հայտարարել է, որ Աշխարհի 2006թ.-ի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի Չեխիայի հետ խաղից առաջ իրեն գումար էին առաջարկում անհրաժեշտ արդյունք ապահովելու համար: 34-ամյա գանացու խոսքերով՝ ինքը կարող էր 300 հազ. դոլար ստանալ, եթե համաձայնվեր չեխերին պարտվել 0:2 հաշվով:

«Աշխարհի 2006թ.-ի առաջնության ժամանակ մենք պետք է խաղայինք Չեխիայի հետ: Ինձ 300 հազ. դոլար առաջարկեցին, որպեսզի պարտվեինք չեխերին 2:0 հաշվով: Ես մտածում էի արագորեն գումար վաստակելու հնարավորության մասին, քանի որ չեխերին հաղթելու դեպքում մենք ստանալու էինք միայն 3 հազար դոլար: Ես չգիտեի՝ ինչ անել, և զանգահարեցի կնոջս և ամեն ինչ պատմեցի նրան: Նա ասաց, որ ինձ սիրում է ոչ փողի համար, ուստի անհրաժեշտ է հրաժարվել այս առաջարկությունից իմ հեղինակությունը չկորցնելու համար», – Քինգսոնի խոսքերը մեջբերում է ESPN-ը:

Հիշեցնենք, որ այդ խաղում Գանան հաղթեց 2:0 հաշվով և Իտալիայի հավաքականի հետ միասին դուրս եկավ փլեյ-օֆֆ:

Մարզական գործընկեր` SportArmenia.com