Խորվաթիայից հետո ԵՄ-ին կանդամակցի Մոնտենեգրոն

Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույը Մոնտենեգրոյի նախագահ Ֆիլիպ Վույանովիչի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Մոնտենեգրոն կդառնա Խորվաթիայից հետո հաջորդ երկիրը, որը կանդամակցի Եվրամիությանը, հաղորդում է AFP-ն։

Վան Ռոմպույի և Վույանովիչի միջև բանակցությունները տեղի են ունեցել միջկրոնական ամենամյա հանդիպման շրջանակում, որն ընթանում է Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում սեպտեմբերի 9-11-ը տարբեր կոնֆեսիաների չորս հազար ներկայացուցիչների, ինչպես նաև եվրոպացի հայտնի քաղաքական գործիչների մասնակցությամբ։

Եվրոպական խորհրդի նախագահը նշել է, որ «թեկնածուի կարգավիճակի արագ ստացումն ու ԵՄ անդամակցության մասին բանակցությունների սկիզբը ապացույցն են այն բանի, որ Եվրամիությունը բաց է Մոնտենեգրոյի համար և պատրաստ է գնահատել յուրաքանչյուր երկրի՝ անհրաժեշտ ստանդարտների կատարման անհատական ձեռքբերումները»։

Նա նաև վստահեցրել է, որ այն բանից հետո, երբ Խորվաթիան անդամակցի Եվրամիությանը 2013թ․, Մոնտենեգրոն կդառնա ԵՄ հաջորդ անդամ պետությունը։

Ինտեգրումը Եվրամիությանը Մոնտենեգրոյի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից մեկն է։ Այս ամառ ԵՄ անդամ 27 երկրների առաջնորդները հավանություն տվեցին Պոդգորիցայի՝ ԵՄ անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելուն։ 626 հազ․ մարդ բնակչությամբ Մոնտենեգրոն նախկին Հարավսլավիայի պետություններից ամենափոքրն է։ Այս երկիրն անկախություն է ձեռք բերել 2006թ․։

Մեկնաբանել