«Հայաստան» բառը առաջին անգամ կհայտնվի թուրքական նամականիշի վրա

Թուրքական նամականիշի վրա, պատմության մեջ առաջին անգամ, նշվելու է «ՀԱՅԱՍՏԱՆ» անունը` որպես Ստամբուլի Շախմատի օլիմպիադայում հաղթող երկիր: Այս մասին գրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Ֆեյսբուքի իր էջում:

«Այսօրվա հաղթանակի բերկրանքն ավելի քաղցրացնելու համար ասեմ, որ համաձայն գոյություն ունեցող կարգի` Թուրքիայի փոստային ծառայությունն այս տարի կթողարկի հատուկ նամականիշ, առաջին օրվա ծրար և բացիկ` նվիրված Ստամբուլում կայացած Շախմատի համաշխարհային օլիմպիադայի անցկացմանը: Որպես կանոն` այսպիսի պաշտոնական փոստային թողարկումներում հատուկ նշվում է տվյալ առաջնությունում հաղթանակ տարած երկրի անունը: Այսպիսով, թուրքական նամականիշի վրա, պատմության մեջ առաջին անգամ, նշվելու է «ՀԱՅԱՍՏԱՆ» անունը` որպես հաղթող երկիր»,- գրել է Դեմոյանը: