ՀԱՊԿ անդամ երկրների ստորաբաժանումները պատրաստ են «Փոխգործակցություն 2012» զորավարժությանը

«Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում տեղակայված ՀԱՊԿ անդամ երկրների ստորաբաժանումներ է այսօր այցելել ՀՀ զինված ուժերի ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը, հաղորդում են պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Հայաստանում ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Կամո Քոչունցը Հայկազ Բաղմանյանին զեկուցել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների ստորաբաժանումներն ամբողջությամբ տեղակայվել են «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում և պատրաստ են օրեր անց կայանալիք «Փոխգործակցություն 2012» զորավարժությանը:

Հրամանատարական կազմի առջև հանդիսավոր երթով անցել են «Փոխգործակցություն 2012» զորավարժությանը մասնակցող ազգային ստորաբաժանումները, ինչից հետո ուղևորվել են ՀՀ ՊՆ վարչական համալիր: Նույն օրը ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են «Փոխգործակցություն-2012» զորավարժություններին մասնակցող ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային ստորաբաժանումների միջև անցկացվող մարզական միջոցառումները: Ազգային ստորաբաժանումների ֆուտբոլի, վոլեյբոլի և պարանի ձգում մարզաձևի հավաքականների միջև ընթացող մրցաշարերի հաղթողները եզրափակիչ խաղերի արդյունքներով կորոշվեն սեպտեմբերի 18-ին:

Հայաստան ժամանած զորախմբերն այս օրերին մասնակցում են էքսկուրսիաների: ՀԱՊԿ անդամ պետությունների զինծառայողները ծանոթանում են Հայաստանի գեղատեսիլ վայրերին, պատմամշակութային հուշարձաններին:

Մեկնաբանել