EgyptAir-ի ուղեկցորդուհիներին թույլատրել են աշխատանքի ժամանակ հիջաբ կրել

Եգիպտոսի իշխանությունները ազգային ավիափոխադրող EgyptAir-ի ուղեկցորդուհիներին թույլատրել է աշխատանքի ժամանակ հիջաբ կրել, ինչն արգելված էր երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի օրոք, հաղորդում է AP-ն։

Մուսուլմանուհիների համար ավանդական գլխաշորը կրելու թույլտվությունը EgyptAir ընկերության ավելի քան 1,2 հազ․ բորտուղեկցորդների՝ աշխատանքը վերսկսելու պայմաններից մեկն էր․ վերջիններիս գործադուլի պատճառով ավիափոխադրողը ստիպված էր եղել 12 ժամով հետաձգել միջազգային բոլոր չվերթները։

Ընկերության աշխատակիցները պահանջում էին նաև աշխատանքային պայմանների բարելավում։

Բացի հիջաբ կրելու թույլտվությունից՝ գործադուլավորներին հաջողվել է հասնել բորտուղեկցորդների թվի ավելացման 250-ով, ինչը պետք է թեթևացնի նրանց աշխատանքի գրաֆիկը։

Սեպտեմբերի սկզբին Եգիպտոսի (որի նոր նախագահ հունիսին ընտրվեց «Մուսուլման եղբայրների» ներկայացուցիչ Մուհամադ Մուրսին) իշխանությունները կանանց թույլատրել էին հիջաբով հայտնվել պետական հեռուստաալիքների եթերում։

Մեկնաբանել