«Սարն ի վեր»-ը՝ թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում

2012թ. սեպտեմբերին Սիվիլիթաս հիմնադրամի և Anadolu kültür-ի նախաձեռնությամբ մեկնարկել է հայ-թուրքական համատեղ մի ծրագիր՝ «Սարն ի վեր» խորհրդանշական անվամբ:

Ծրագրի հիմնական նպատակն է վերացնել հայ և թուրք հասարակությունների միջև գոյություն ունեցող թյուրըմբռնման մթնոլորտը: Ծրագրի յուրաքանչյուր միջոցառում կազմակերպվելու է Հայաստանում, Թուրքիայում և եվրոպական մայրաքաղաքներից մեկում:

«Սարն ի վեր»-ի մեկնարկը տրվել է Բեռլինում. սեպտեմբերի 4-ին Սիվիլիթասի կազմակերպած հայ-թուրքական համատեղ երկխոսությանը մասնակցում էին Հրանտ Դինքի փաստաբան, «Մեծ մայրս» գրքի հեղինակ Ֆեթհիյե Չեթինը և հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանը: Նրանց երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ Ստամբուլում սեպտեմբերի 6-ին:

Հայ-թուրքական համատեղ նախաձեռնությունը չի վրիպել թուրքական մամուլի ուշադրությունից, և թուրքական մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են ստամբուլյան հանդիպմանը: Մասնավորապես՝ Milliyet թերթը մեծ հոդված է հրապարակել «Սարն ի վեր»-ի մասին: Թերթը ներկայացնում է Արսինե Խանջյանի՝ իսկական լեռ բարձրանալու պատմությունը: 1991թ. առաջին անգամ լինելով Հայաստանում և տեսնելով Արարատը՝ դերասանուհին որոշում է բարձրանալ այն: Երկու տարի անց նա սկսում է բարձրանալ լեռը: Սարը բարձրանալու դժվարություններն Արսինեն համեմատել է Ցեղասպանության ճանապարհին հայ աքսորականների կրած տանջանքների հետ:

Հայ-թուրքական հանդիպմանն անդրադարձել են նաև Taraf-ը, Bianet.org-ը, իսկ Radikal թերթի լրագրող Բեռին Քարաքաշը հարցազրույց է վերցրել Արսինե Խանջյանից:

Մեկնաբանել