Հունվար-օգոստոսին պետական պարտքն աճել է 4,1%-ով

Օգոստոսին դրամի 2%-ով արժևորումը նպաստել է, որ ամսական կտրվածքով պետական պարտքը դրամային արտահայտությամբ կրճատվի 1 մլրդ-ով, այն դեպքում երբ դոլարային արտահայտությամբ այն աճել է $83,9 մլն-ով կամ 2%-ով։ Նշենք, որ եթե հուլիսին պետական պարտքի հաշվարկման հիմքում դրվել էր $1-ի դիմաց 417,62 դրամ փոխարժեքը, ապա օգոստոսի հաշվարկներում՝ արդեն 409,12 դրամը։

Ըստ ֆինանսների նախարարության «ՀՀ պետական պարտքի տեղեկագիր. օգոստոս» հրապարակման՝ օգոստոսի վերջին Հայաստանի պետական պարտքը կազմել է մոտ $4,3 մլրդ, որից $3,74 մլրդ-ը արտաքին պարտքն է։

Նշենք, որ այս տարվա ութ ամիսներին Հայաստանի պետական պարտքն աճել է 4,1%-ով, արտաքին պարտքը՝ 5%-ով կամ $176,4 մլն-ով։ Կառավարության արտաքին պարտքն այս ընթացքում ավելացել է 6%-ով կամ $176,6 մլն-ով։ Կենտրոնական բանկի արտաքին պարտքը մնացել է անփոփոխ։