Սեպտեմբերի 14-ին բողոքի ակցիա Մոսկվայում՝ Սաֆարովի արտահանձնման և ներման դեմ

Սեպտեմբերի 14-ին Մոսկվայում նախատեսվում է Ռամիլ Սաֆարովի արտահանձման և ներման շնորհման դեմ բողոքի մեծամասշտաբ ակցիա, հաղորդում են սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարությամբ իր մտահոգությունն է հայտնել ռուսական պաշտոնատար անձանց լռության վերաբերյալ՝  նշելով, որ Ռուսաստանը պետք է առաջինն արձագանքեր: Նա ընդգծել է, որ մտահոգված է Ռուսաստանում բնակվող հայերի անվտանգությամբ, քանի որ եթե նման հանցագործություն կարող է տեղի ունենալ ԵՄ անդամ երկրում, իսկ մարդասպանը կարող է հերոսի կարգավիճակ ստանալ, ապա ոչ մի հայ ապահովագրված չէ նման «սաֆարովներից»: Հայտարարությամբ են հանդես եկել Ռուսաստանում  գործող մի շարք հասարակական կազմակերպություններ;

Բողոքի ցույցեր են անցկացվել, անհամաձայնության հայտարարություններ արել Պերմի, Դոնի Ռոստովի, Կուբանի, Սիմֆերոպոլի, Նիժնի Նովգորոդի, Սոչիի, և հայկական այլ համայնքների կառույցները:

Սփյուռքի նախարարությունը հավելում է, որ Հունգարիայի իշխանությունների՝ հայ սպային քնած ժամանակ կացնահարելու համար ցմահ դատապարտված Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու որոշումը բողոքի ալիք է բարձրացրել աշխարհի տարբեր հայ համայնքներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Արգենտինայում, Ուրուգվայում, ԱՊՀ երկրներում, Եվրոպայում, Ավստրալիայում: