Ընտրախախտումների մասին ահազանգերը եզակի են. Տիգրան Մուկուչյան

Կիրակի տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների մասին, ընդհանուր առմամբ, եզակի ահազանգեր են ստացվել. այս մասին նշեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը «Արմնյուզ» հեռուստատեսության «Բանաձև» հաղորդման հյուրասրահում: «Հիմնականում ԿԸՀ-ն հետևում էր լրատվամիջոցներին, փորձ էր արվում ճշտել ընտրախախտումների մասին նյութերը: Կային տեղեկություններ, որ թեպետ վերնագրային առումով, կարծես, համապատասխանում էին, սակայն, երբ ծանոթանում էիր բովանդակությանը, այն հնարավոր չէր բնութագրել` որպես ընտրախախտում»,- ասաց նա: Ըստ Մուկուչյանի` լրատվական կայքերը հիմնականում կուտակումներն են դիտարկել` որպես ընտրախախտում, իսկ ԿԸՀ ներկայացվել է ընտրախախտումների մասին 15 դիմում:

Այսօր ողջ օրն, ըստ նրա, աշխատել են ԿԸՀ-ն և ԸԸՀ-ները, և քաղաքացիները, դիտորդները, թեկնածուներն իրավունք ունեին ներկայացնել դիմում-բողոքներ: «Իրավունք ունեին ներկայացնելու թե վերահաշվարկ իրականացնելու, թե արդյունքներն անվավեր ճանաչելու մասին բողոքներ,- ասաց Մուկուչյանը,- եթե ոմանք ունեն դիմում-բողոքներ, պետք է օգտագործել իրավական պաշտպանության մեխանիզմները, դիմեն պատկան մարմիններին»:

Անդրադառնալով թանաքանյութի շուտ ցնդելու մասին ահազանգերին` Մուկուչյանն ասաց, որ ԿԸՀ-ն այն կիրառությունից հանելու որոշում չէր կարող կայացնել, քանի դեռ ընտրական օրենսգրքում համապատասխան փոփոխություններ չեն արվել: «Այս անգամ, սակայն, փորձ էր արվել թանաքանյութն ընտրել այնպիսի որակով, որ նման խնդիր չլիներ: Եվ այդ ահազանգերը շատ ավելի քիչ էին: Այդ խնդիրը կար միայն Գյումրիի 4 տեղամասում և 4-5 տեղամասում` Վանաձորում: Կարծում ենք, որ առաջիկայում քննարկում կլինի թանաքանյութի ինստիտուտի կիրառման պահպանման հետ կապված»,- նշեց նա:

ՏԻՄ ընտրություններում մրցակցություն ապահովելու համար առնվազն 2 թեկնածուի առաջադրման անհրաժեշտության մասին օրենքը, որի արդյունքում մեկ ընտանիքից երկու անձ էր առաջադրվում ուղղակի այդ նորմը պահելու համար, ըստ Մուկուչյանի, խնդիր չէ: «Մի շարք համայնքներում կային թեկնածուներ` կինը ամուսնու դեմ, դուստրը` հոր, սակայն վերջում 133 համայնքներում ունեինք միայն 1 թեկնածու, այլ թեկնածուները ինքնաբացարկ էին հայտարարել, ինչը ևս նրանց իրավունքն է. և այդ պարագայում էլ, այդ նորմի առկայությունը չպահպանվեց»,- ասաց նա: