Վստահ եմ, որ հերոսի կոչում տալու ժամանակն էլ է գալու. Սերժ Սարգսյանը` շախմատիստներին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արձագանքեց սոցցանցերում այսօր ակտիվորեն շրջանառվող առաջարկին` հերոսի կոչում շնորհել շախմատի մեր արքաներին: «Ես վստահ եմ, որ հերոսի կոչում տալու ժամանակն էլ է գալու»,- հայտարարեց նա` նախագահական նստավայրում ի պատիվ օլիմպիական բարձունքը նվաճած Հայաստանի շախմատի հավաքականի անդամների տեղի ունեցած ընդունելության և պարգևատրման` ուղիղ եթերում հեռարձակվող հանդիսավոր արարողության ժամանակ:

Շնորհավորելով ողջ հայ ժողովրդին` նախագահը նշեց, որ, Ստամբուլում համաշխարհային օլիմպիադայում հաղթելով և երրորդ անգամ օլիմպիական չեմպիոն դառնալով` մեր հավաքականը գրանցել է շախմատային պատմության մեջ այնպիսի հաջողություն, որին քիչ երկրներ են կարողացել հասնել: «Շախմատային օլիմպիադաներում միայն Սովետական միությունը, Ռուսաստանը և Հայաստանն են, որ երեք և ավելի անգամ դարձել են չեմպիոններ: Հայ շախմատիստները ոչ միայն երեք անգամ օլիմպիական բարձունքում ծածանեցին հայոց եռագույնը , այլև հաստատեցին այն ճշմարտությունը, որ կարող ենք լինել և հզոր անհատներ, և միասնական թիմ»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի հրամանագրով 2012 թվականին Ստամբուլում շախմատի համաշխարհային օլիմպիադայում տարած թիմային փայլուն հաղթանակի, հայրենիքի պատիվը բարձր պահելու և Հայաստանն աշխարհին ըստ արժանվույն ներկայացնել համար թիմի մարզիչ Արշակ Պետրոսյանը և գրոսմայստեր Լևոն Արոնյանը պարգևատրվել են Սբ. Մեսրոպ Մաշտոց շքանշանով, իսկ Վլադիմիր Հակոբյանը, Սերգեյ Մովսիսյանը, Տիգրան Պետրոսյանը և Գաբրիել Սարգսյանը` Պատվո շքանշաններով:

Մեկնաբանել