Այսօր սեպտեմբերի 11-ն է

Այսօր սեպտեմբերի 11-ն է. 2001թ. այս օրը Միացյալ Նահանգների նորագույն պատմության մեջ մտավ որպես մեծագույն ողբերգության օր: Ահաբեկչության հետևանքով Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի երկու երկնաքերների փլատակների տակ զոհվեց շուրջ 3 հազ. մարդ:

Պաշտոնական վարկածով երկնաքերների փլուզման պատճառը առևանգված երկու ինքնաթիռների հարվածն է եղել, որոնք մխրճվել են շենքերի մեջ, բռնկվել, պայթել ու իրենց հետ պայթեցրել կառույցները, երրորդ ինքնաթիռը հարվածել է Պենտագոնին, չորրորդը, թերևս, առևանգիչների ներքին հակասության պատճառով, ընկել է Փենսիլվանիա նահանգի դաշտերից մեկում: Այս ծավալուն ահաբեկչական գործողության պաշտոնական մեղավորը ևս հայտնի էր` «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Ուսամա բեն Լադենը, որը ստանձնել էր ահաբեկչության պատասխանատվությունը: Սակայն բազմաթիվ ամերիկացիներ չհավատացին պաշտոնական այս վարկածին:

Ահաբեկչությունից շատ չանցած համացանցում տեսագրություններ ու մեկնաբանություններ դրվեցին, որոնք հերքում էին պաշտոնական վարկածը. աշտարակների փլուզման կադրերն ուսումնասիրած որոշ գիտնականներ նշում էին, որ այդպես կարող են փլվել միայն այն շենքերը, որոնք հարկ առ հարկ` շղթայական պայթեցմամբ մասնագիտորեն ապամոնտաժվում են, իսկ կասկածամիտ քաղաքագետները հիշեցնում էին, որ մինչև նշված ահաբեկչությունը ԱՄՆ-ի իշխանությունները չէին կարողանում համոզել իրենց քաղաքացիներին ավելի շատ վճարել երկրի անվտանգության համար, մինչդեռ դրանից հետո խնդիրը լուծվեց նույնիսկ առանց քննարկման: Պաշտոնական վարկածին զուգահեռ նրանք մեղադրում էին իշխանություններին:

Իշխանության` լայնորեն տարածված տեսակետի համաձայն` ահաբեկիչները ջիհադ էին հայտարարել Արևմտյան աշխարհին, քանի որ 2001թ. ԱՄՆ-ը և դաշնակիցները պատերազմ էին հայտարարել Աֆղանստանի տալիբներին, գահընկեց արել նրանց վարչակազմին և իշխանությունը փոխանցել Համիդ Քարզային։ Սկսվել էր Իրաքի պատերազմը, որի ընթացքում տապալվել է Սադամ Հուսեյնի իշխանությունը: Եվ պաշտոնական ԱՄՆ-ը շուրջ մեկ տասնամյակ հետապնդեց ողբերգության մեղավորությունտ ստանձնած Բեն Լադենին, և ի վերջո մեծ ոգևորությամբ հրապարակեց նրա սպանության կադրերը: Թիվ մեկ ահաբեկչի մահն ամերիկացիները ցնծությամբ ընդունեցին:

Ներկայում Նյու Յորքում` Մանհեթենի այդ շրջանում, որտեղ նախքան ահաբեկչությունը վեր էին խոյանում Առևտրի համաշխարհային կազմակերպության աշտարակները, ի հիշատակ սեպտեմբերի 11-ի զոհերի` կանգնած է մի հուշահամալիր` քառակուսի ջրավազան, որի սև գրանիտե չորս պատերի վրա փորագրված են զոհերի անունները։ Ջուրը հազարավոր բարակ շիթերով ցած է հոսում` խորհրդանշելով երկու զոհերի ընկերների և բարեկամների արցունքները։

Դժվար է ասել` իրականում ով, ինչու և ինչպես էր կազմակերպել այդ սարսափելի ոճիրը, սակայն փորձագետները համակարծիք են մեկ հարցում. 2001թ. սեպտեմբերի 11-ն անդառնալիորեն փոխեց աշխարհը: