Գյումրիի ընտրությունները՝ որպես մոդել

Գյումրիում սեպտեմբերի 9-ին կայացած քաղաքապետի և ավագանու ընտրությունները, կարելի է ասել, յուրահատուկ քաղաքական մշակույթի ձևավորման հիմք են դառնում: Ընտրություններին մասնակցություն է ունեցել ընտրելու իրավունք ունեցող գյումրեցիների ընդամենը 36,5 տոկոսը, ինչը աննախադեպ ցածր ցուցանիշ է: Սա այն պարագայում, երբ գրեթե ամբողջ հանրապետության ուշադրությունը կենտրոնացած էր Գյումրիի քաղաքապետի ընտրությունների վրա:

Ինչո՞վ էր պայմանավորված ընտրություններին մասնակցության նման ցածր ցուցանիշը. իհարկե՝ ապատիայով և ընտրությունների ելքի կանխորոշվածությամբ: ՀՀԿ-ի պատիվը Գյումրիում գետնով տալու պատճառով առաջադրվելու իրավունքից զրկվեց Վարդան Ղուկասյանը: Արդյունքում առաջ եկավ կոմպրոմիսային թեկնածու Սամվել Բալասանյանը: Վերջին տարիներին ընդդիմության գործողությունների հետևանքով Հայաստանում ձևավորվել է այնպիսի իրավիճակ, երբ Հանրապետականը և «Բարգավաճ Հայաստանը» դարձել են մրցակիցներ: Այդ մրցակցությունը խորհրդարանական ընտրություններից հետո ցայտուն կերպով արտահայտվում է նաև ՏԻՄ ընտրությունների ժամանակ: Հիմա, երբ մրցակից ուժերի միջև կոմպրոմիս է ձեռք բերվում, ընտրություններն ըստ էության կորցնում են իրենց նշանակությունը: Իսկ ընդդիմությունը, որպես կանոն, ակտիվ չէ ՏԻՄ ընտրությունների ժամանակ: Բայցի այդ՝ ներկայում այն մրցունակ չէ:

Գյումրիի քաղաքապետի ընտրությունների այս մոդելը իշխանությունների համար ամենանախընտրելի տարբերակն է. նախընտրական և ընտրական փուլերը հիմնականում անցնում են օրենքի սահմաններում, որևէ մեկը քաղաքական հետապնդման չի արժանանում, ամեն ինչ բաց է և թափանցիկ: Սակայն իր էությամբ այդ տիպի ընտրությունները շատ քիչ առնչություն ունեն ընտրություն կոչված գաղափարի հետ: Այդ ամենը շատ լավ գիտակցելով՝ գյումրեցիները պարզապես բոյկոտեցին այդ ընտրությունները:

Հավանաբար հետագայում փորձ կարվի Գյումրիի ընտրությունների մոդելը ներդնել նաև մյուս ընտրությունների ժամանակ: Այսինքն՝ ընտրություններից առաջ առանց բիրտ ուժի կիրառման կանխորոշել ընտրությունների արդյունքները: Այդ դեպքում և՛ իշխանության վերարտադրությունն է ապահովված, և՛ ընտրությունների արդյունքների անվիճարկելիությունը, որովհետև կանխորոշված ընտրությունների ժամանակ, որպես կանոն, խախտումներ չեն լինում:

Իսկ այն տեղերում, որտեղ ընտրությունների ելքը կանխորոշված չէր, իշխանությունը օրինաչափորեն ցուցադրեց իրական դեմքը, օրինակ՝ Վանաձորում: