Վարդան Մինասյան. Բոլոր խաղացողներս առողջ են

Աշխարհի առաջնության ընտրական փուլի 2-րդ տուրի Բուլղարիա – Հայաստան հանդիպման նախօրեին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մամուլի ասուլիս է տվել: Այս մասին հաղորդում է Sporta.bg-ն:

Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի հավաքականը հաղթել է Մալթային և վաստակած 3 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ Բուլղարիան ոչ-ոքի (2:2) է խաղացել Իտալիայի հետ:

Խարդան Մինասյանը չի թաքցրել, որ տպավորված է Բուլղարիայի հավաքականի առաջին խաղից:

«Բուլղարիայի հավաքականն ուժեղ թիմ է: Այդուհանդերձ, մենք ձգտում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում: Մենք տեսել ենք, որ Իտալիայի դեմ Բուլղարիան ագրեսիվ ֆուտբոլ էր խաղում, հատկապես տպավորիչ էր հարձակվողների խաղը»,- ասել է Վարդան Մինասյանը:

Լրագրողները Վարդան Մինասյանից հետաքրքվել են` ինչ է կարծում Դիմիտար Բերբատովի Ստիլյան Պետրովի և Մարտին Պետրովի նման հայտնի ֆուտբոլիստների բացակայության մասին:

«Երբեմն ավելի բարդ է խաղալ երիտասարդ ֆուտբոլիստների դեմ, ովքեր մեծ ձգտումով են հանդես գալիս և ամբիցիայի պակաս չունեն»,- ասել է մեր մարզիչն ու հավելել, որ Հայաստանի հավաքականում կադրային խնդիրներ չկան:

«Իմ բոլոր խաղացողներն առողջ են: Գևորգ Ղազարյանը որոշակի խնդիրներ ուներ, բայց այժմ ամեն ինչ կարգին է: Կխաղա՞ Գևորգը Բուլղարիայի դեմ: Կտեսնեք վաղը»:

Անդրադառնալով ընտրական փուլում Հայաստանի հավաքականի նպատակներին` Վարդան Մինասյանը նշել է, որ առաջնային խնդիրը Բուլղարիայի հավաքականի դեմ հանդիպումն է:

«Մենք մտածում ենք միայն վաղվա խաղի մասին: Մեր խնդիրը յուրաքանչյուր խաղում հնարավորինս շատ միավորներ վաստակելն է:

Նախորդ ընտրական մրցաշարը մենք լավ անցկացրինք և վերջին խաղում պայքարում էինք եզրափակիչ փուլ դուրս գալու համար, բայց չեմ ցանկանում խոսել այդ մասին: Այո, մրցավարներն ազդեցին Իռլանդիայի հետ վերջին խաղի ելքի վրա: Այդուհանդերձ, մրցավարներին դատելն իմ գործը չէ»:

Մարզական գործընկեր` SportArmenia.com