Կոնյակի արտահանման առեղծվածը

Հայաստանի կառավարությունը առաջիկա տասը տարիներին ծրագրում է եռապատկել հայկական կոնյակի արտահանման ծավալները՝ այն որոշակիորեն կապելով Չինաստանի հետ։ Գործադիրը ««ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականություն» ռազմավարությունում» թիրախ է ընտրել, որ 2020թ. հայկական կոնյակը կապահովի չինական շուկայի 10%-ը (շուրջ 2 մլն լիտր)։

«Երևանի կոնյակի գործարանի» (ապրանքանիշը՝ «ԱրԱրԱտ») գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը, սակայն, մեծ հույսեր չի կապում Չինաստանի հետ։ «Չինաստանում պետք է 20-25 տարի ինտենսիվ աշխատել՝ բնակչության 1%-ին բացատրելու համար, թե Հայաստանն ինչ է և որտեղ է այն գտնվում։ Պատկերացրեք՝ ինչքան է անհրաժեշտ բացատրելու համար, թե ինչ է հայկական կոնյակը, և ինչ է «ԱրԱրԱտը»»,– ասում է նա։

Հայկական կոնյակի հիմնական շուկա հանդիսացող Ռուսաստանը (արտահանվում է հայկական կոնյակի մոտ 80%-ը) այս տարվա օգոստոսին դարձել է Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ, ինչը նշանակում է, որ այդ երկիրը պարտավորվել է հետևել առևտրի միջազգային չափանիշներին։ Ռուսաստանի անդամակցությունը ԱՀԿ-ին ռիսկեր է ստեղծում նաև «Հայկական կոնյակ» անվանումով ապրանքատեսակի արտահանման համար։ Մասնագետները, սակայն, նշում են, որ խնդիրը ոչ այնքան ԱՀԿ անդամակցության, որքան Ռուսաստան-Եվրամիություն հարաբերությունների տիրույթում է։ ԵՄ իրավական ակտերով սահմանվում է, որ «կոնյակ» կարող է կոչվել միայն Ֆրանսիայի համանուն շրջանից ծագող և մի շարք արտադրական պահանջներին համապատասխանող ալկոհոլային խմիչքը: ԵՄ-ն Ռուսաստանի հետ դեռևս չունի համապատասխան պայմանագիր, որը կարգավորում է խնդիրը։

Սեպտեմբերի 7-ին հրավիրած մամուլի ասուլիսին Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը, անդրադառնալով ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցությանը և դրա հնարավոր ռիսկերին՝ թե Մոսկվան կարող է արգելել «Հայկական կոնյակ» անվամբ խմիչքի վաճառքը, նշեց, որ ԵԿԳ-ն ամենօրյա աշխատանքներն է տանում, որ լիովին պատրաստ լինի նման որոշմանը։ «Բայց չեմ կարծում, որ այդ օրը շուտ կգա»,– ասաց Գրիգորյանը։

Չինացիներին դեռ պիտի բացատրել
Անդրադառնալով հարցին, թե որքանով է գրավիչ չինական շուկան հայկական կոնյակի համար, Գրիգորյանը նշեց, որ շուկան թեև մեծ է, այն նաև բավական բարդ է, և դրա հետ մեծ հույսեր կապել պետք չէ։ «Չինական շուկան դարձել է առեղծվային մի բան»,– ասաց Գրիգորյանը՝ հավելելով, թե որպեսզի հնարավոր լինի այդ շուկայում հաջողություններ ունենալ, նախ պետք է տասնյակ տարիներ լուրջ աշխատանքներ տանել սպառողների շրջանում Հայաստանի ճանաչելիության ուղղությամբ, դրանից հետո միայն փորձել ծանոթացնել հայկական կոնյակին։ «Չինաստանում պետք է 20-25 տարի ինտենսիվ աշխատենք՝ բնակչության 1%-ին բացատրելու համար, թե Հայաստանն ինչ է և որտեղ է այն գտնվում։ Պատկերացրեք՝ ինչքան է անհրաժեշտ բացատրելու համար, թե ինչ է հայկական կոնյակը, և ինչ է «ԱրԱրԱտը»,– ասաց նա:

Նշենք, որ կառավարությունը կարծես թե համաձայն չէ Գրիգորյանի տեսակետին։ Անցած տարվա դեկտեմբերին գործադիրի ընդունած «ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականություն» ռազմավարությունում» կոնյակին հատկացվել է 30 էջ։ Այստեղ նշվում է, որ ելնելով չինական խոհանոցի առանձնահատկություններից՝ հայկական կոնյակը, որն ավելի փափուկ և քաղցրահամ է ֆրանսիականի համեմատ, կունենա որակական առավելություն շուկայում: «Ավելին՝ հայ արտադրողներն արդեն իսկ փոքրածավալ հաջող փորձեր ունեն չինական շուկա մուտք գործելու մեջ»,– նշված է ռազմավարությունում։

Ստացվում է, որ կառավարությունը, մշակելով կոնյակագործության զարգացման ռազմավարությունը, իրականում լուրջ քննարկումներ չի ունեցել ոլորտի խոշոր խաղորդների հետ, ինչի արդյունքում չինական շուկան ընդգրկել է հայկական կոնյակի համար հատկապես գրավիչ շուկաների շարքում։

Երկարաժամկետ պայմանագրեր
Նշենք, որ սեպտեմբերի 10-ին Երևանի կոնյակի գործարանը Արարատյան դաշտում սկսել է խաղողի մթերումները։ Այս տարի գործարանը նախատեսում է գյուղացիական տնտեսություններից մթերել 24 հազ. տոննա խաղող, ինչը 3-3,5 հազ. տոննայով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ Գործարանի Այգավանի և Արմավիրի մասնաճյուղերը 1 կգ խաղողը գնելու են ֌140-ով, Տավուշի մարզում 1 կգ-ը մթերվելու է ֌130-ով։ «Առաջին հայացքից Տավուշում գինն ավելի ցածր է, բայց եթե հաշվի ենք առնում խաղողի շաքարի պարունակության աստիճանը, որն Արարատյան դաշտում անցած տարի կազմել է 20%, իսկ Տավուշում՝ 13%, ապա գինն իրականում ավելի բարձր է։ Հաշվի առնելով շաքարի պարունակության աստիճանը՝ Տավուշում գինը չէր կարող գերազանցել ֌100-ը»,– ասաց Գրիգորյանը։

Գործարանը գալիք տարվա գարնանից նախատեսում է գյուղացիական տնտեսությունների հետ կնքել խաղողի մթերման երկարաժամկետ պայմանագրեր՝ մինչև ինը տարի ժամկետով։ Ըստ Արա Գրիգորյանի՝ այդպիսի պայմանագրեր կկնքվեն ներկայում ընկերության հետ համագործակցող տնտեսությունների 30%-ի հետ։ Երկարաժամկետ պայմանագրերը գյուղացիական տնտեսություններին հնարավորություն կտան ոչ միայն խաղողի աճեցումը պլանավորել երկարաժամկետ կտրվածքով, այլև ունենալով մթերման երաշխիքներ՝ ավելի համարձակ օգտվել վարկային միջոցներից, հիմնել նոր այգիներ և դրա արդյունքում ավելացնել մեկ հեկտարից ստացվող բերքի ծավալները։