Ստվերն անձեռնմխելի է

Կառավարության սեպտեմբերի 6-ի նիստում հավանության արժանացած 2013թ. պետբյուջեի նախագծի խոշորացված ցուցանիշներից երևում է, որ գալիք տարում ևս գործադիրը կարծես թե չի պատրաստվում լուրջ քայլեր ձեռնարկել ստվերի կրճատման ուղղությամբ։

Նախատեսված լրացուցիչ ֌88  մլրդ հարկային եկամուտներից ֌85  մլրդ-ը հնարավոր կլինի ապահովել տնտեսական աճի և հարկադրույքների նախատեսվող բարձրացման հաշվին։ Ընդ որում՝ սոցվճարների և եկամտահարկի միավորումը մեկ միասնական եկամուտային հարկի մեջ՝ հարկեր/ՀՆԱ ցուցանիշը մեխանիկորեն կբարելավի 4-տոկոսային կետով։

Նախնական տվյալների համաձայն՝ կառավարությունը 2013թ. բյուջեի նախագծի հիմքում դնելու է մոտ ֌962  մլրդ-ի հարկային եկամուտներ, ինչն այս տարվա համեմատ ավելի է ֌88  մլրդ-ով կամ 10%-ով։ Եվ սա այն դեպքում, երբ ընթացիկ տարվա բյուջեով գործադիրը նախատեսել է 2011թ. համեմատ հավաքագրել ֌101  մլրդ-ի լրացուցիչ հարկեր։

Լրացուցիչ հարկերի հավաքագրման մասով կառավարության համեստությունը փոքր-ինչ անհասկանալի է, եթե հաշվի առնենք 2013թ. ակնկալվող տնտեսական աճը, որոշ ապրանքատեսակների մասով հարկադրույքների բարձրացումը, ինչպես նաև այն, որ մի շարք ընկերությունների ներդրումային ծրագրերի շրջանակում հետաձգված ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետ է սահմանված 2013-ը։

Կառավարության գործունեության ծրագրում նշված է, որ առաջիկա հինգ տարիներին Հայաստանում արձանագրվելու է տարեկան 5-7% տնտեսական աճ։ Արժույթի միջազգային հիմնադրամը 2013թ., օրինակ, ակնկալում է 4% տնտեսական աճ։ Սա նշանակում է, որ ամենահամեստ հաշվարկներով միայն տնտեսական աճը և թիրախային 4±1,5% գնաճը գալիք տարում կառավարությանը կարող է ապահովել շուրջ ֌70  մլրդ-ի լրացուցիչ հարկային եկամուտ։ 2013թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Եկամուտային հարկի մասին» օրենքը մոտավոր հաշվարկներով կապահովի ևս ֌10  մլրդ։ Բացի այդ, ըստ «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» օրենքի, գալիք տարի բարձրանալու է ներկրվող և տեղական արտադրությամբ սիգարետների հաստատագրված վճարները՝ 1000 հատիկի հաշվով համապատասխանաբար ֌500-ով և ֌750-ով։ Արդյունքում, այլ հավասար պայմանների դեպքում, լրացուցիչ մուտքերը պետբյուջե կարող են կազմել մոտ ֌4  մլրդ։

Նշենք նաև, որ կառավարության նախորդ տարիների որոշումներով՝ մի շարք ընկերությունների համար ֌300  մլն-ը գերազանցող ներդրումային ծրագրերի շրջանակում վճարվելիք ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետ է սահմանված 2013-ը։ Մոտավոր հաշվարկներով՝ 2013թ. տնտեսավարողները մոտ ֌1  մլրդ-ի հետաձգված ԱԱՀ են վճարելու։

Ամենամոտավոր հաշվարկներով իսկ ստացվում է, որ կառավարությունը 2013թ. առանց որևէ ջանքի կարող է հավաքագրել հավելյալ ֌85  մլրդ։ Հարկային վարչարարության ճանապարհով, ըստ էության, մնալու է ապահովել ֌3  մլրդ-ի մուտքեր, այն դեպքում, երբ այս տարի կառավարությունը ծրագրել է ֌101  մլրդ-ից ֌25-30  մլրդ-ը հավաքագրել հարկային վարչարարության ու օրենսդրական փոփոխությունների հաշվին։

Չի բացառվում, որ գալիք տարվա համար հարկահավաքման նման համեստ ցուցանիշները պայմանավորված են այս տարվա համար ծրագրված լրացուցիչ ֌101  մլրդ-ի հանգամանքով։ Խնդիրն այն է, որ այդ գումարից ֌48  մլրդ-ը կառավարությունը նախատեսում է հավաքագրել չորրորդ եռամսյակում՝ ամսական կտրվածքով հավելյալ ֌16,2  մլրդ։ Չորրորդ եռամսյակում, ըստ էության, պետք է հավաքագրվի ամսական ֌82,2  մլրդ, այն դեպքում, երբ ընթացիկ տարում հավաքագրված ամսական առավելագույն ծավալը եղել է հուլիսին՝ ֌80,5  մլրդ։ Հաշվի առնելով ընթացիկ տարվա յոթ ամիսների կատարողականը և ամսական ցուցանիշները՝ չորրորդ եռամսյակում այդպիսի ծավալ ապահովվելու համար կառավարությունը, ամենայն հավանականությամբ, ստիպված է լինելու դիմել կանխավճարների հավաքագրման։

Ցուցանիշի կտրուկ բարելավում
Հիմք ընդունելով գալիք տարվա բյուջեի նախագծի խոշորացված ցուցանիշները՝ հարկային վարչարարության բարելավման ուղղությամբ լուրջ միջոցառումներ կարծես թե նախատեսված չեն։ Իհարկե, խոշորացված ցուցանիշները կարող են փոփոխվել, քանի որ դեռևս չի հայտարարվել, թե բյուջեի նախագծի հիմքում տնտեսական աճի ինչ ցուցանիշ է դրվել, և որքան կկազմի այս տարվա կանխավճարների չափը։

Այդուհանդերձ, նույնիսկ այս պայմաններում միայն հարկման բազայի ավելացման և հարկադրույքների փոփոխության հաշվին պետական բյուջեի հարկային եկամուտներ, պետական տուրքեր և պարտադիր սոցիալական ապահովության վճարներ/ՀՆԱ ցուցանիշը բարելավվելու է 0,5-0,7-տոկոսային կետով, և ըստ հաշվարկների՝ գալիք տարում կարող է կազմել 21,4%։

2013թ. մեխանիկորեն էապես կբարելավի նաև հարկեր/ՀՆԱ ցուցանիշը։ Խնդիրն այն է, որ հունվարի 1-ից Հայաստանում որպես այդպիսին չի լինելու պարտադիր սոցիալական վճար, որը ներառվելու է եկամուտային հարկում։ Միայն այս հանգամանքի շնորհիվ հարկեր/ՀՆԱ-ի այս տարվա ծրագրված 17,36% ցուցանիշը գալիք տարում կարող է ավելանալ 4-տոկոսային կետով։