Ինչու Գերմանիան կա՛մ պետք է իր հետևից տանի, կա՛մ լքի եվրոգոտին

2007-ից ի վեր Եվրոպան ֆինանսական ճգնաժամի մեջ է: Երբ Lehman Brothers-ի սնանկացումը հանգեցրեց ֆինանսական ինստիտուտների նկատմամբ վստահության կորստին, մասնավոր վարկավորումը փոխարինվեց պետականով՝ ի ցույց դնելով եվրոգոտու՝ նախկինում աննկատ ճեղքերը: Եվրոգոտու անդամ երկրները, փող տպելու իրենց իրավունքները փոխանցելով Եվրոպական կենտրոնական բանկին (ԵԿԲ), իրենք իրենց դրեցին դեֆոլտի վտանգի ռիսկի առջև, ինչպես երրորդ աշխարհի երկրները, որոնք ծայրահեղորեն կախված են արտարժույթով վերցրած պարտքերից: Թույլ երկրների պետական պարտատոմսեր ունեցող առևտրային բանկերը պոտենցիալ անվճարունակ դարձան:

Եվրոյի շարունակվող ճգնաժամի և 1982թ. բանկային ճգնաժամի միջև զուգահեռ կարելի է անցկացնել: Այն ժամանակ Արժույթի միջազգային հիմնադրամը համաշխարհային բանկային համակարգը փրկեց՝ բավականաչափ գումար հատկացնելով պարտքի մեծ բեռ ունեցող երկրներին. դեֆոլտից հնարավոր եղավ խուսափել, սակայն հարատև դեպրեսիայի գնով: Լատինական Ամերիկան տասնամյակ կորցրեց ճգնաժամից դուրս գալու համար:

Ներկայում Գերմանիան այն նույն դերն է խաղում, ինչ ԱՄՀ-ն՝ այն ժամանակ: Իրավիճակը այլ է, սակայն արդյունքը նույնն է:

Վարկատուները կարգավորման ամբողջ բեռը դնում են պարտապան երկրների ուսերին և խուսափում են իրենց վրա պատասխանատվություն վերցնելուց:

Եվրոճգնաժամը բանկային և պետական պարտավորությունների բարդ խմորում է, ինչպես նաև անդամ երկրների՝ արտաքին հաշվեկշռի անկայունության հանգեցրած տնտեսական ցուցանիշների տարբերությունների դրսևորում: Իշխանությունները չեն հասկացել ճգնաժամի, էլ չասած՝ դրա լուծման բարդությունը: Այդպես նրանք փորձեցին առժամանակ ոչինչ չձեռնարկել:

Սովորաբար այդ տարբերակն աշխատում է: Ֆինանսական խուճապը հանդարտվում է, և իշխանությունները հասկանում են միջամտելու իրենց օգուտի մասին: Սակայն ոչ այս անգամ, քանի որ ֆինանսական խնդիրներն ուղեկցվում էին քաղաքական դիսինտեգրացիայի գործընթացով:

Երբ Եվրոպական Միությունն ստեղծվեց, այն բաց հասարակության մարմնացումն էր, հավասար պետությունների կամավոր ասոցիացիա, որոնք իրենց ինքնիշխանության մի մասը զոհում էին հանուն ընդհանուր բարօրության: Եվրոյի ճգնաժամն այժմ ԵՄ-ն դարձնում է արմատապես այլ բան՝ անդամ պետություններին բաժանելով երկու դասի՝ վարկատուներ և վարկառուներ, որտեղ ղեկին են վարկատուները:

Որպես ԵՄ ամենաուժեղ վարկատու երկիր՝ Գերմանիան դարձել է գերիշխող: Վարկառու երկրները ռիսկային զգալի հավելավճարներ են վճարում իրենց կառավարությունների պարտքերը ֆինանսավորելու համար: Սա ընդհանուր առմամբ արտացոլվում է ֆինանսավորմանն ուղղված նրանց ծախսերում: Սակայն շատ ավելի վատ է այն, որ Bundesbank-ը (Գերմանիայի կենտրոնական բանկը) շարունակում է հավատարիմ մնալ դրամավարկային հնացած մի դոկտրինի, որն արմատավորվել է այդ երկրում ինֆլյացիայի հարցում տխուր փորձից հետո: Արդյունքում, Bundesbank-ը միայն ինֆլյացիան է համարում սպառնալիք կայունությանը և անտեսում է դեֆլյացիան, որն այսօր իրական սպառնալիքն է: Ավելին՝ այն, որ Գերմանիան պնդում է, որ պարտապան երկրները գնան խնայողության միջոցների, լիովին կարող է անարդյունավետ լինել՝ ՀՆԱ-ի անկման պայմաններում բարձրացնելով պարտք/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը:

Իրական վտանգ կա, որ Եվրոպայի բաժանումը երկու մակարդակի կարող է դառնալ մշտական երևույթ: Ե՛վ մարդկային, և՛ ֆինանսական ռեսուրսները կներգրավվեն կենտրոնում, իսկ ծայրամասային երկրները կմնան մշտական ճգնաժամի մեջ: Իսկ ծայրամասային երկրներում դժգոհությունը եռում է:
Եվրոպայի ողբերգությունը ոչ թե դավադրության, այլ ավելի շուտ հետևողական քաղաքականության բացակայության արդյունքն է: Ինչպես հին հունական ողբերգություններում, սխալ պատկերացումները և հասկանալու պարզ բացակայությունը չկանխամտածված, սակայն ճակատագրական հետևանքներ են ունեցել:

Գերմանիան՝ որպես Եվրոպական Միության ամենախոշոր վարկատու երկիր, ղեկին է, սակայն հրաժարվում է հավելյալ պարտավորություններ ստանձնել. արդյունքում բաց է թողնվել այս ճգնաժամը հաղթահարելու ամեն հնարավորություն: Այս ճգնաժամը Հունաստանից տարածվեց դեֆիցիտ ունեցող այլ երկրներ՝ ի վերջո հարցականի տակ դնելով հենց եվրոյի գոյատևումը: Քանի որ եվրոյի անկումը վիթխարի վնաս կհասցնի, Գերմանիան մշտապես անում է անհրաժեշտ նվազագույնը՝ այն միասնական պահելու համար:

Բոլորովին վերջերս կանցլեր Անգելա Մերկելը սատարեց ԵԿԲ նախագահ Մարիո Դրագիին՝ մի կողմ թողնելով Bundesbank-ի նախագահ Ջենս Վեյդմանին: Դա ԵԿԲ-ին հնարավորություն կտա կանխել պարտքի սպասարկման բեռի ավելացումը այն երկրների մասով, որոնք, համաձայնելով խնայողության խիստ միջոցներին, վարկ են հայցում Եռյակից (ԱՄՀ, ԵԿԲ և Եվրոպական հանձնաժողով): Դա կփրկի եվրոն, սակայն դա նաև քայլ է դեպի Եվրոպայի մշտական բաժանում՝ վարկատուների և վարկառուների միջև:

Վաղ թե ուշ վարկառուներն ստիպված են հրաժարվել երկշերտ/երկմակարդակ Եվրոպայից: Եթե եվրոգոտին փլուզվի այս խառնաշփոթում, ապա ընդհանուր շուկան և ԵՄ-ն կոչնչանան ժառանգաբար փոխանցվող փոխադարձ անվստահության և թշնամանքի պատճառով՝ Եվրոպան թողնելով շատ ավելի դժվարին վիճակում, քան այն էր, երբ Եվրոպան միավորելու ջանքերն սկսվեցին գործադրվել: Որքան ուշ տեղի ունենա եվրոյի փլուզումը, այնքան ավելի վատ կլինեն դրա վերջնական հետևանքները: Այնպես որ՝ ժամանակն է մտածել այնպիսի այլընտրանքների մասին, որոնք բոլորովին վերջերս աներևակայելի են համարվել:

Կարծում եմ՝ լավագույն քայլն այժմ կլինի Գերմանիային համոզել, որ նա որոշում կայացնի՝ կա՛մ ղեկավարել աշխատանքները՝ ստեղծելու քաղաքական միություն, որում բեռը հավասարապես կկիսեն բոլորը, կա՛մ էլ լքել եվրոգոտին:

Քանի որ կուտակված պարտքերում գերակշռում է եվրոն, կարևոր է, թե ով պատասխանատու կլինի դրամական միության համար: Եթե Գերմանիան հրաժարվի եվրոյից, եվրոն կարժեզրկվի: Վարկառու երկրները կվերականգնեն իրենց մրցունակությունը, նրանց պարտքը կնվազի իրական հաշվարկով, և հաշվի առնելով, որ ԵԿԲ-ն նրանց վերահսկողության տակ կլինի՝ դեֆոլտի սպառնալիքը կվերանա, և նրանց փոխառության ծախսերը կնվազեն այն մակարդակների, որոնք առկա են Մեծ Բրիտանիայում:

Վարկատու երկրները, ընդհակառակը, կորուստներ կունենան եվրոյով արտահայտված ներդրումների և պահանջների հարցում և երկրի ներսում եվրոգոտու այլ անդամ պետությունների կողմից ավելի խիստ մրցակցության ստիպված կլինեն առերեսվել: Վարկատու երկրների կորուստների ծավալը կախված կլինի նրանից, թե որքանով կարժեզրկվի եվրոն, իսկ սա նրանց կշահագրգռի եվրոյի արժեզրկումը պահել թույլատրելի միջակայքում:

Սկզբնական խառնաշփոթից հետո վերջնական արդյունքում կիրագործվի Ջոն Մեյնարդ Քեյնսի երազանքը՝ միջազգային արժույթի համակարգ, որտեղ և՛ վարկատուն, և՛ վարկառուն հավասար պատասխանատվություն են կրում կայունության համար: Եվ Եվրոպան կկանխի ահագնացող ճգնաժամը:

Նույն արդյունքին կարելի է հասնել՝ Գերմանիային պակաս ծախսեր պատճառելով, եթե այդ երկիրը որոշի վարվել որպես բարերար հեգեմոն: Դա կնշանակի Եվրոպական բանկային միության ստեղծում; վարկատու և վարկառու երկրների համար գործունեության քիչ թե շատ հավասար պայմանների հաստատում՝ «Պարտքերի կրճատման հիմնադրամ» ստեղծելու միջոցով; բոլոր պարտքերի փոխարկումը եվրոպարտատոմսերի; անվանական ՀՆԱ-ի թիրախային աճի սահմանում 5%, որպեսզի Եվրոպան կարողանա աճել և ազատվել չափազանց շատ պարտքերից:

Ինչ էլ որոշի Գերմանիան՝ ղեկավարել վերը նշված գործընթացը, թե հրաժարվել եվրոյից, երկու դեպքում էլ այլընտրանքն ավելի լավ է, քան անկայուն երկմակարդակ Եվրոպան:

Ջորջ Սորոս

Մեկնաբանել