LIBOR-ին հաշված օրեր են մնացել

Առաջիկա հինգ տարում միջբանկային վարկավորման LIBOR տոկոսադրույքը կդադարի գոյություն ունենալուց։ Այսպիսի կարծիք է հայտնել 847 ներդրողների, վերլուծաբանների և թրեյդերների շրջանում Bloomberg գործակալության անցկացրած հարցման մասնակիցների մեծ մասը։ Նրանց կարծիքով՝ LIBOR-ի շուրջ վերջին սկանդալից հետո տոկոսադրույքի սահմանման նոր համակարգ կստեղծվի, որը կարգավորիչներին ավելի խիստ վերահսկողության հնարավորություն կտա։

Գործակալության կողմից հարցվածների 44%-ը կարծում է, որ առաջիկա 5 տարում LIBOR-ը կփոխարինվի մեկ այլ՝ «առավել կառավարելի» տոկոսադրույքով։ 34%-ի կարծիքով՝ այդպիսի բան տեղի չի ունենա, և տոկոսադրույքը կպահպանվի, ինչպես գոյություն ունի այսօր։ Հարցվածների 22%-ը դժվարացել է պատասխանել։

Հիշեցնենք, որ հունիսին բրիտանական Barclays բանկը տուգանվեց 290 մլն ֆունտ ստեռլինգով՝ պայմանավորված բանկի մի շարք թրեյդերների՝ LIBOR տոկոսադրույքը մանիպուլացնելու փորձերով։ Այլ բանկերի համանման փորձերը և դրանց շուրջ ծագած սկանդալը արդյունքում ոչ միայն խաթարեցին տոկոսադրույքի նկատմամբ շուկայի վստահությունը, այլև հասարակական մեծ արձագանք առաջացրին ու Barclays-ի գլխավոր տնօրեն Բոբ Դայմոնդի հրաժարականի պատճառ դարձան։

Նշենք, որ ներկայում LIBOR տոկոսադրույքի մանիպուլյացիայի շուրջ հետաքննությունը շարունակվում է, և չի բացառվում, որ այս գործում նոր անուններ հայտնվեն։ Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ կարգավորիչները տոկոսադրույքի մանիպուլացման մեջ կասկածում են միջազգային ավելի քան տասը բանկի։ Հուլիսի վերջին պարզվեց, որ հետաքննություն է ընթանում գերմանական Deutsche Bank-ի, ֆրանսիական Credit Agricole-ի ու Societe Generale-ի և շվեյցարական UBS-ի նկատմամբ։

Անցած հանգստյան օրերին բրիտանական Financial Times-ը, վկայակոչելով սեփական աղբյուրները, չի բացառել, որ բրիտանական Royal Bank of Scotland-ը ևս ստիպված լինի կարգավորիչներին 200-300 մլն ֆունտի ստեռլինգի տուգանք վճարել՝ տոկոսադրույքի մանիպուլյացիայի գործընթացում մասնակցության պատճառով։ Բանկում այս տեղեկությունը դեռևս չեն մեկնաբանել։

Մեկնաբանել