Կարգավորել կարգավորչին

Եվրամիությունը մտադիր է սահմանափակել Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) լիազորությունները բանկային վերահսկողության ոլորտում: ԵՄ-ի կողմից ստեղծվող փորձագետների հատուկ հանձնախումբը հետևելու է, որ ԵԿԲ մանդատը չսպառնա Եվրոպական բանկային կարգավորչին:

Հիշեցնենք՝ ԵԿԲ-ն եվրոգոտու անդամ 17 երկրների կենտրոնական բանկն է, Եվրոպական բանկային կարգավորիչը պատասխանատու է ԵՄ բոլոր 27 երկրների բանկերի և ֆինանսական կառույցների վերահսկողության համար: Ակնկալվում է, որ մինչև 2014-ը ԵԿԲ-ն օժտված կլինի եվրոգոտու գրեթե 6 հազ. բանկերի նկատմամբ վերահսկողության լիազորություններով: Սակայն ազգային արժույթը պահպանած Եվրամիության երկրները մտավախություն ունեն, որ ԵԿԲ-ն նոր հնարավորությունը կօգտագործի նաև իրենց ֆինանսական համակարգերի նկատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակով:

Ներկայում Եվրոպական բանկային կարգավորիչն իր որոշումները կայացնում է քվեարկության միջոցով. ձայների քանակը որոշվում է երկրի մեծությամբ: Փոփոխված տարբերակով եվրոգոտու պետությունները կքվեարկեն որպես մեկ միասնական բլոկ: Սակայն Եվրոպական բանկային կարգավորչի շրջանակում կստեղծվի անկախ փորձագետների հանձնաժողով, որն էլ կորոշի, թե արդյոք այս կամ այն պետությունը խախտել է ԵՄ օրենքները, և ինչ քայլեր է պետք ձեռնարկել: Անկախ փորձագետների որոշումները չեղյալ հայտարարելու կամ փոփոխելու համար հարկ կլինի քվեարկություն անցկացնել Եվրոպական բանկային կարգավորչի շրջանակում։ Այդպիսով՝ եվրոգոտու անդամ երկրները չեն կարողանա արգելափակել ընդհանուր կարգավորչի՝ իրենց դեմ ուղղված որոշումները։

Փորձագետները նշում են, որ Եվրոպական բանկային կարգավորչի լիազորությունների վերանայում պահանջել է Գերմանիան, մինչդեռ Մեծ Բրիտանիան հանդես է եկել կարգավորչի անկախության օգտին:

Նշենք, որ Եվրոպական բանկային կարգավորչի գլխամասային գրասենյակը Լոնդոնում է։

Մեկնաբանել