Նավթի գնի հույսով

Նավթից կախում ունեցող երկրների շարքում Ռուսաստանն ամենից քիչն է պաշտպանված ածխաջրածնի գների տատանումից։ Այսպիսի եզրակացություն է պարունակում ամերիկյան Citi բանկային խմբի փորձագետների ուսումնասիրությունը։ Citi-ի փորձագետների կարծիքով՝ Ռուսաստանի տնտեսության և քաղաքական վարչակարգի կայունության համար նավթի գնի կրիտիկական նվազագույն մակարդակը $80/բարելն է։

Citi-ի փորձագետները նշում են, որ նավթային երկրները գրավիչ են ներդրումների համար, սակայն պետք է իմանալ երկրների ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերը։ Ամերիկացի փորձագետները նավթային 26 երկրից ուսումնասիրել են ութը, որոնցում գոյություն ունի բաժնետոմսերի իրացվելի շուկա (Ռուսաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Նորվեգիա, Ղազախստան, Կատար, Քուվեյթ և Նիգերիա)։

Բոլոր այս երկրներն էլ բավական լավ մակրոցուցանիշներ են արձանագրում, նավթային եկամուտների մեծ մասն ուղղվում է պետպարտքի կրճատմանը՝ մինչև ՀՆԱ-ի 17%, ինչպես նաև արժութային պահուստների ($1,2 տրլն կամ ՀՆԱ-ի 31%) և պահուստային ֆոնդերի (ավելի քան $2,5 տրլն) համալրմանը։ Նավթի բարձր գները խթանում են նաև սպառողական բումն ու բարեկեցության աճը։

Ըստ Citi-ի՝ նավթային երկիր լինելը նաև թերություններ ունի։ Դրանցում, որպես կանոն, ավտորիտար վարչակարգեր են, և որքան մեծ է ՀՆԱ-ում ածխաջրածինների արտահանման մասնաբաժինը, այնքան վատ է քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների ինստիտուտների վիճակը։ Նավթային երկրների մեծ մասում էլիտաները պայքարում են շահույթի իրենց բաժնի համար։ Կառավարությունները, իրենց հերթին, զբաղված են միայն «դարի ծախսատար մեգանախագծերի» իրականացմամբ և պաշտպանության ոլորտին ահռելի գումարների հատկացմամբ։

Ամերիկացի փորձագետների կարծիքով՝ Նորվեգիան միակ բացառությունն է և անհասանելի մյուս երկրների համար։ Նորվեգիան ուժեղ ինստիտուտներ ունեցող զարգացած երկիր դարձել է նախքան նավթ արտահանող խոշոր երկիր դառնալը։ Նորվեգիան նաև միակ երկիրն է, որը կարողանում է բյուջեն բալանսավորել առանց նավթային եկամուտների։ Նավթային մյուս երկրները, ընդհակառակը, մեծացնում են նավթից իրենց կախվածությունը, ինչը մի քանի անգամ ավելացել է 2008թ. ճգնաժամից հետո։ 2012թ., օրինակ, այս ութ երկրների բյուջեների բալանսավորման համար անհրաժեշտ նավթի միջին գինը $90/բարել է։

Ամենաանցանկալին տեղի է ունենում այն ժամանակ, երբ նավթի գները իջնում են։ Այս դեպքում տնտեսությունը հայտնվում է կոլապսում, իսկ իշխանությունները՝ լեգիտիմության ճգնաժամում։ Լավագույն օրինակներից է 1991թ. ԽՍՀՄ անկումը, 1979թ. իրանական հեղափոխությունը, 1998թ. Վենեսուելայում Ուգո Չավեսի իշխանության գալը։ Փորձագետների կարծիքով՝ թեև նավթի ներկայիս բարձր գները երկար չեն պահպանվի, ճգնաժամն իր գործն արել է. կուտակված պահուստները և կրճատված պետպարտքը իրադրությունն էականորեն տարբերում են 1980-1990-ականներից։ Citi-ի փորձագետների կարծիքով՝ նավթի բարձր գները կպահպանվեն առաջիկա 2-3 տարում, այնուհետ կիջնեն մինչև $80-90/բարել։

Երկրների մեծ մասի համար սա բավական ապահով գին է։ Բացառություն են Ղազախստանը, Ռուսաստանը և Նիգերիան։ Այս տնտեսությունների կայունության համար նավթի գնի կրիտիկական նվազագույն մակարդակը համապատասխանաբար $60/բարել, $80/բարել և $85/բարել է։

Մեկնաբանել