Պարտքերն ու հումանիզմը համատեղելի չեն

Եվրոգոտու պարտքային ճգնաժամը խարխլում է ընդհանուր արժեքները, որոնց վրա հիմնված է Եվրոպան, հայտարարել է Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին։ Ըստ նրա՝ եվրոպական միասնական արժույթը կարող է տարածաշրջանում նոր բաժանումների պատճառ դառնալ։

Սեպտեմբերի 9-ին Սարաևոյում մեկնարկած Հանուն խաղաղության համաշխարհային ամենամյա հանդիպման շրջանակում Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին հայտարարել է, որ մայրցամաքը միավորող միասնական արժույթն այսօր հակասական կերպով կարող է նոր բաժանումների պատճառ դառնալ: Ըստ նրա՝ եվրոգոտու պարտքային ճգնաժամը վտանգի է ենթարկում եվրոպական ընդհանուր արժեքները և խարխլում հումանիզմի հիմունքները, որոնց վրա հիմնվում է Եվրոպան: Նման իրավիճակում Մոնտին Եվրամիության երկրներին կոչ է արել վերահաստատել միասնական լինելու իրենց պատրաստակամությունը: «Ճգնաժամը հաղթահարելու ճանապարհին չափազանց կարևոր է ոչ թե բաժանել, այլ միավորել մարդկանց»,– ասել է Մոնտին:

Ավելի վաղ Մոնտին առաջարկել էր Հռոմում ԵՄ պետությունների ղեկավարների հանդիպում գումարել և քննարկել պոպուլիզմին և ազգայնականությանը հակազդելու միջոցները: Մոնտիի այս առաջարկը հավանության է արժանացել Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյի կողմից։