«Հարսնաքար»-ի գործով դատական առաջին նիստը կկայանա սեպտեմբերի 13-ին

«Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ի ծեծկռտուքի գործով դատական առաջին նիստը կկայանա սեպտեմբերի 13-ին Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, հաղորդում է «Փաստինֆո» գործակալությունը:

Գործի մեղադրյալներն են ռեստորանային համալիրի աշխատակիցներ Գարիկ Մարգարյանը, Դավիթ Ադամյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը, Արման Խաչատրյանը և Նորայր Հայրապետյանը, որոնք մեղադրվում են Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին ծեծի ենթարկելու մեջ:

Ընդ որում՝ Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառվել է կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է նրա մահը, իսկ Արտակ Բայադյանի և Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով, Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին ծեծի հետևանքով մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:

Ծեծկռտուքի հնարավոր այլ մասնակիցների հայտնաբերելու նպատակով գործից անջատված մասով նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ գործով Վահե Ավետյանի իրավահաջորդ է ճանաչվել նրա հայրը՝ Գառնիկ Ավետյանը: Իսկ վերջինի շահերը դատարանում կպաշտպանեն փաստաբաններ Տիգրան Եգորյանն ու Լուսինե Հակոբյանը: