Բնապահպանական տեսչության հայտնաբերած խախտումների արդյունքում 1,73 մլն դրամի մուտք է եղել բյուջե

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունը 03.09-07.09.2012 թթ. ընկած ժամանակահատվածում ստուգումներ է իրականացրել և շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացրել է  1,18 մլն դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 15 որոշում և հաշվարկվել 4,21 մլն դրամ ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս, հաղորդում են նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հայտնաբերված խախտումները, մասնավորապես, վերաբերում են հետևյալ ոլորտներին`

Ջրերի պահպանության ոլորտ

Ջրերի վերահսկողության  բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ ստուգման արդյունքում կայացվել է 100 հազ. դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 86,7 հազ. դրամի՝ շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի արածեցման 3 գործով  կայացվել է  180 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 49 հազ. դրամի՝ բնությանը հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 18 գործով  հաշվարկվել է 3496,5 հազ. դրամ ընդհանուր գումարի՝ բնությանը հասցված վնաս և կայացվել է վարչական տուգանքի 1 որոշում 50 հազ. դրամի չափով: Մնացած գործերի վարչական վարույթներն ընթացքի մեջ են:

Լոռու տարածքային բաժնի  վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման 4 գործով  կայացվել է վարչական տուգանքի 4 որոշում 200 հազ. դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 530,25 հազ. դրամ ընդհանուր գումարի բնությանը հասցված վնաս:

Ապօրինի որս

Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների  կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված որսի կանոնների խախտման համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է  300 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 8 հազ. դրամ ընդհանուր գումարի՝ բնությանը հասցված վնաս:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում 

Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 300 հազ. դրամ ընդհանուր  գումարի  վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 39,36 հազ. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:  

Հանքանյութի ապօրինի տեղափոխում 

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում արձանագրված առանց ծածկոցի սորուն նյութեր տեղափոխման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:

Ընդհանուր առմամբ՝ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1,73 մլն դրամ: