Մասաչուսեթսի տեխնոլոգիականը աշխարհի լավագույն համալսարանն է

ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանը (MIT) առաջին անգամ գլխավորել է Quacquarelli Symonds միջազգային ընկերության աշխարհի լավագույն բուհերի QS World University Rankings 2012/2013 վարկանիշը։ Այն կազմվում է երկու տարին մեկ և ներառում է 700 բուհ։ Երկրորդ տեղում նախորդ վարկանիշի առաջատարն է՝ բրիտանական Քեմբրիջը։ Լավագույն եռյակը եզրափակում է ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանը, որը վարկանիշը գլխավորել է 2004-2009 թթ.։

Վարկանիշը կազմվել է ընկերությունների, պրոֆեսորների և ակադեմիական փորձագետների հարցումների տվյալների հիման վրա։ Հիմք են ընդունվում հետևյալ վեց որակական ցուցանիշերը. բուհի հեղինակությունը ակադեմիական միջավայրում (հիմնական չափանիշ), բուհի շրջանավարտների հեղինակությունը գործատուների շրջանում, բուհի աշխատակիցների գիտական հրապարակումներից մեջբերումները, դասախոսների և ուսանողների թվի հարաբերակցությունը, բուհում օտարերկրացի ուսանողների և դասախոսների համեմատական թիվը։

Վարկանիշում նոր առաջատարի ի հայտ գալը վկայում է գիտության ու տեխնոլոգիաների միավորման գլոբալ տենդեցի մասին, համոզված են վարկանիշի հեղինակները։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանը ամենաբարձր միավորներն է ստացել ըստ գիտական աշխատանքների մեջբերումների քանակի, ինչպես նաև ըստ շրջանավարտների հեղինակության ցուցանիշի։

Վարկանիշում առկա է ևս մեկ միտում. առաջընթաց են արձանագրել հիմնականում տեխնոլոգիական բուհերը, հատկապես՝ ասիական տարածաշրջանում։ Այսպես, վարկանիշում ընդգրկված տասը տեխնոլոգիական բուհերից իննը բարելավել են իրենց դիրքերը, այդ թվում՝ Լոնդոնի թագավորական քոլեջը (6-րդ տեղ), Կալիֆոռնիայի տեխնոլոգիական համալսարանը (10-րդ հորիզոնական), Ցյուրիխի Շվեյցարական բարձրագույն տեխնիկական դպրոցը (13-րդ տեղ), Սինգապուրի Նանյանի տեխնոլոգիական համալասարանը, Հոնգ Կոնգի ճշգրիտ գիտությունների ու տեխնոլոգիական համալսարանը (HKUST, 33-րդ տեղ), հարավկորեական Տեխնոլոգիաների և ճշգրիտ գիտությունների առաջատար ինստիտուտը՝ KAIST-ը (63-րդ տեղ)։

Վարկանիշի առաջին տասնյակը կիսել են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բուհերը՝ 6։4 հարաբերակցությամբ։ Ամերիկյան են նաև առաջին քսանյակի բուհերից 13-ը։ Ցանկում ընդգրկված 700 բուհից, ընդհանուր առմամբ, ամերիկյան են 130-ը։ Առաջին քսանյակում տեղ են զբաղեցրել նաև Կանադայի երկու բուհ՝ Մակգիլի և Տորոնտոյի համալսարանները։

Իրադրությունը միանշանակ չէ եվրոպական բուհերի դեպքում։ Այսպես՝ եթե շվեյցարական և գերմանական բուհերը, ընդհանուր առմամբ, բարելավել են իրենց դիրքերը, ֆրանսիական ինը լավագույն բուհեր հետընթաց են արձանագրել։ Լավագույն բուհերի առաջին հարյուրյակում ֆրանսիական միայն մեկ բուհ է ընգրկված՝ ENS Paris-ը։ Համեմատության համար՝ առաջին հարյուրյակում բրիտանական ութ բուհի անուն կա, նիդեռլանդական՝ վեց բուհի, շվեյցարական՝ հինգ բուհի, գերամանական՝ չորս բուհի, և ավստրիալական՝ յոթ բուհի։

Համաձայն վարկանիշի՝ ասիական լավագույն բուհը Հոնգ Կոնգի համալսարանն է (23-րդ հորիզոնական)։ Տոկիոյի համալսարանը զբաղեցրել է 30-րդ հորիզոնականը։ Չինական բուհերը դեռևս հետին դիրքերում են, սակայն վստահ քայլերով կրճատում են տարբերությունը։ Չինական բուհերից առաջատարը Պեկինի համալսարանն է, որը զբաղեցրել է 44-րդ հորիզոնականը։

Վարկանիշում, ընդհանուր առմամբ, ընդգրկված է ռուսական 14 բուհ, լավագույնը Մոսկվայի պետական համալսարանն է՝ 116-րդ հորիզոնական։ Նշենք, որ դեռ երկու տարի առաջ բուհը 93-րդ հորիզոնականում էր։

Ի դեպ, աշխարհի լավագույն բուհերի վարկանիշներից ամենահեղինակավորը երեքն են՝ Academic Ranking of World Universities-ը (ARWU) կամ այսպես կոչված Շանհայի վարկանիշը, Quacquarelli Symonds-ի վարկանիշը (QS World University Rankings, QS WUR) և Times-ի վարկանիշը՝ The Times Higher Education World University Rankings-ը։ Բոլոր երեք բուհերի առաջին տասնյակում միաժամանակ ընդգրկված են Մասաչուսեթսի, Հարվարդի, Քեմբրիջի, Չիկագոյի համալսարանները։

Մեկնաբանել