Բուլղարական մարզական ԶԼՄ-ները ողողված են այսօր կայանալիք Աշխարհի առաջնության ընտրական փուլի 2-րդ տուրի Բուլղարիա – Հայաստան հանդիպման մասին տարատեսակ լուրերով և հոդվածներով: Այդ երկրի առաջատար մարզական կայքերից մեկը` Sporta.bg-ն, ներկայացնելով Հայաստանի հավաքականին, հատուկ ուշադրություն է դարձրել մեր թիմի այն ֆուտբոլիստների վրա, ումից ամենամեծ վտանգն է ակնկալվում:
«Գլխավոր աստղը Հենրիխ Մխիթարյանն է, ով փայլում է Ուկրաինայի ուժեղագույն ակումբի` «Շախտյորի» կազմում: Այս կիսապաշտպանը ներկա պահին Ուկրաինայի առաջնության գլխավոր ռմբարկուն է: Նա 8 խաղում 11 գոլ է խփել և 4 գոլային փոխանցում կատարել: Մխիթարյանն ամենաակտիվն էր նաև Վալետայում կայացած Մալթա – Հայաստան հանդիպման ժամանակ:
Արթուր Սարկիսովը խաղում է ռուսական «Վոլգայում»: Նա Վարդան Մինասյանի թիմի 4 մաքուր հարձակվողներից մեկն է: Սարկիսովը Մալթայի հետ խաղում մտավ փոխարինման և դարձավ հաղթական գոլի հեղինակը:
Հայաստանի հավաքականի մյուս երկու հարձակվողական ոճի ֆուտբոլիստները նույնպես արժանի են ուշադրության` բրազիլական արմատներով Մարկոս Պիզելին, ով Իվելին Պոպովի հետ նույն թիմում է հանդես գալիս («Կուբանում») և «Կրասնոդարի» առաջատար Յուրա Մովսիսյանը:
Յուրա Մովսիսյանը հրաշալի տպավորություն թողեց Մալթայի հետ խաղում: Բացի բազմաթիվ սուր անցումները, հենց նա կատարեց գոլային փոխանցումը, և, ընդհանրապես, Մովսիսյանն ամենավտանգավորն էր Մալթայի հետ խաղում:
Պոպովի մյուս թիմակիցն Արազ Օզբիլիսն է: Նա «Այաքսի» դպրոցի սան է և կրկին կարող է շատ վտանգավոր լինել: Դոնեցկի «Մետալուրգում» խաղացող Կառլեն Մկրտչյանն ու Գևորգ Ղազարյանը նույնպես բարձրակարգ ֆուտբոլիստներ են»,- գրում է բուլղարական կայքը և հիշեցնում, որ Հայաստանի հավաքականը մոտ է եղել Եվրո 2012-ի եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելուն ու իր խմբի ամենաարդյունավետ թիմն է եղել: