Բաքուն մոլորեցրել է Բուդապեշտին. Հունգարիայի ԱԳՆ

Հունգարիայի Միջազգային հարցերի ինստիտուտի կազմած գաղտնի փաստաթղթերից մեկն անցած շաբաթ հրապարակվել է հունգարական nol.hu կայքում, ըստ որի՝ Ադրբեջանը մոլորեցրել է Հունգարիայի իշխանություններին ութ տարի առաջ Հունգարիայում հայ սպային սպանած ազերի սպայի հանձնման հարցում, հաղորդում է հունգարական politics.hu կայքը:

Հունգարիայի արտգործնախարարությանը կից Միջազգային հարցերի ինստիտուտի ղեկավար Բոտոնդ Զակոնին գաղտնի փաստաթղթի արտահոսքը «դժբախտություն» է անվանել: Զակոնիի խոսքով՝ ինստիտուտը պարբերաբար նման զեկույցներ է հրապարակում Հունգարիայի դիվանագիտական կարևորագույն հարցերի վերաբերյալ:

Փաստաթղթի համաձայն՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ քննարկելու ադրբեջանցի բանտարկյալ Սաֆարովի արտահանձնման հարցը: Ալիևը հունգարացի պաշտոնյային խոսք է տվել, որ ցմահ բանտարկության դատապարտված Ռամիլ Սաֆարովը կշարունակի իր պատիժը կրել բանտում: Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջան վերադառնալուն պես Սաֆարովին սակայն ներում է շնորհվել, և նա ազատ է արձակվել: «Արտահանձնումից երկու օր անց Հունգարիան դիվանագիտական նոտայով դատապարտեց Սաֆարովի ազատ արձակումը, սակայն Հայաստանը, այնուամենայնիվ, կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ»,- ասված է փաստաթղթում:

Միջազգային հարցերի ինստիտուտի զեկույցը եզրակացնում է, որ ազերի նախագահը մոլորեցրել է Հունգարիային: Վերջինս անակնկալի է եկել Սաֆարովի ազատ արձակումից, իսկ կառավարությանն էլ 24 ժամ է հարկավոր եղել այս հարցի վերաբերյալ պետական դիրքորոշումը ձևակերպելու համար: Զեկույցում նշվում է նաև, որ Ադրբեջանը փորձել է կեղծ տպավորություն ստեղծել, թե իբր Սաֆարովի ազատ արձակման մասին պայմանավորվածություն է ունեցել Հունգարիայի հետ:

Զեկույցն արձանագրում է, որ այս պահին Ադրբեջանն ավելի կարևոր է Հունգարիայի համար, քան հակառակը, և հենց այդ պատճառով էլ Բուդապեշտը բացեիբաց չի հայտարարում, որ ազերի նախագահը մոլորեցրել է Օրբանին:

Միաժամանակ՝ զեկույցում Հունգարիան կոչ է արվում շարունակել պնդել, թե թյուրիմացություն է եղել:

«Պարզ է, որ Հունգարիայի և Հայաստանի հարաբերությունները դեռ որոշ ժամանակ սառը կլինեն, սակայն միջնաժամկետ հեռանկարում ծանր աշխատանքի շնորհիվ հարաբերությունները կարող են վերականգնվել»,- ամփոփված է զեկույցում: