Բրիտանիային գործադուլների նոր ալիք է սպասվում

Բրիտանական թրեյդ յունիոնների կոնգրեսը (British Trade Union Congress, BTUC) աջակցել է Միացյալ Թագավորության պետական ծառայողների արհմիությունների միավորման՝ զանգվածային նոր ելույթներ ու գործադուլներ իրականացնելու ծրագրերին։ Մեծ Բրիտանիայի խոշորագույն արհմիությունների ղեկավարները հայտարարել են, որ երկրի ղեկավարությունը բացահայտ պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին։

BTUC-ի համագումարի մասնակիցները Բիրմինգհեմում կողմ են քվեարկել նոր ակցիաների անցկացմանը, եթե կառավարության հետ բանակցությունները չհանգեցնեն պետական հատվածի աշխատակիցների աշխատավարձերի «սառեցման» վերաբերյալ որոշումների վերանայման։ Դաունինգ սթրիթում նշել են, որ կառավարությունը մտադիր չէ վերադառնալ պետական ծառայողների աշխատավարձի չափի վերաբերյալ հարցին։

Բրիտանական թրեյդ յունիոնների համար առավել խոցելի հարցերի թվում շարունակում են մնալ նաև կենսաթոշակային համակարգի բարեփոխումն ու թագավորության համալսարաններում ուսման վարձի եռակի բարձրացումը։

Բրիտանացի վերլուծաբանները նշում են, որ նոր գործադուլները կարող են բավական խոցելի լինել բրիտանական հասարակության համար և բացասաբար անդրադառնալ երկրի իմիջի վրա։ Կերպարը, որը Մեծ Բրիտանիան ջանասիրաբար ստեղծել է օլիմպիական և պարալիմպիական խաղերի ու Էլիզաբեթ 2-րդ-ի գահակալության 60-ամյակի տոնախմբությունների ընթացքում, կարող է ոչնչացվել մեկ վայրկյանում։