Վարչապետն ընդունել է «Սիտրոնիկս» ընկերության նախագահին

«ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ի և Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (ԵրՄՄԳՀԻ) տարածքներում ազատ տնտեսական գոտու ստեղծմանն ուղղված աշխատանքների ընթացքն այսօր քննարկվել է վարչապետ Տիգրան Սարգսյանի և «Սիտրոնիկս» ԲԲԸ-ի նախագահ Սերգեյ Ասլանյանի գլխավորած պատվիրակության հանդիպմանը, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

Սերգեյ Ասլանյանը նշել է, որ ներդրումային աշխատանքները հաջողությամբ ընթանում են՝ ըստ նախանշված ժամկետների:

Կողմերը քննարկել են ազատ տնտեսական գոտու տարածքում ենթակառուցվածքների ստեղծման և զարգացման, ծառայությունների մատուցման, ինչպես նաև ներդրումների ապահովման գործընթացներին առնչվող հարցեր:  

Վարչապետը կարևորել է «Սիտրոնիկս»-ի հետ համագործակցությունը և վստահություն հայտնել, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում այն փոխշահավետ և արդյունավետ կլինի:

Հիշեցնենք, որ 2012թ. փետրվարի 2-ին կառավարությունը հավանություն էր տվել «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ և ԵրՄՄԳՀԻ ՓԲԸ տարածքներում ազատ տնտեսական գոտի ստեղծելու և «Սիտրոնիքս Արմենիա» ընկերությանն այդ գոտու կազմակերպիչ ճանաչելու մասին որոշման նախագծին:

Նախատեսվում է, որ տնտեսական այդ երկու գոտիներում ներդրողները արտոնություններ և առավելություններ կստանան: Այդտեղ բացակայելու է եկամուտների հարկումը, ԱԱՀ-ն, այդ ընկերությունների համար հումքի և մետաղների ներմուծման ժամանակ գործելու է 0-ական մասքատուրք, անշարժ գույքի հարկում չի լինելու, բացակայելու են արժութային սահմանափակումները, լինելու է կապիտալի, շահույթի և շահութաբաժնի ազատ ռեպատրիացիա (երկրի տարածքից դուրսհանում):

«Մարս» գործարանը հիմնվել է 1995թ.: 2008թ. ընկերությունը հանձնվել է ռուսական «Սիտրոնիկս» ընկերության կառավարմանը: